Հանդիպել են երկու ԱԳ նախարարները
Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա:
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսևորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու նպատակով:
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա-Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով։ Երկուստեք կարևորվեց Երևանում Իսպանիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը։
Իսպանիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Նախարար Գարիսա-Մարգալյոն տեղեկացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը։