Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ Արմեն Երիցյանին

Հասարակություն
64c1c4a6a5171e29a60aadee2daea55d

Հարգելի պարոն Երիցյան,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարևորագույն մի խնդիր, որի մասին մեր կազմակերպությունը մի շարք անգամ բարձրաձայնել է և հանդես եկել հրապարակումներով: 
Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը, որը ներկայումս շահագործվում է «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ) կողմից, կառուցված է արդեն գոյություն ունեցող` հին պոչամբարի վրա:

Այն շահագործման է հանձնվել 2007թ.-ին, և ընդամենը 3 տարի անց` 2010 թ.-ին, վթար է տեղի ունեցել, որի մասին նշված է նաև պետական փորձաքննության եզրակացության մեջ: Ինչպես փաստում է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ուղղված եզրակացությունը՝ Գեղանուշի պոչամբարի նոր ջրատարը կառուցվել է թերություններով և նախագծային շեղումներով: Դատարանի հարցումն առնչվում էր «Մրգաձոր» ՍՊԸ-ի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի դեմ ներկայացված հայցին:

Նշենք, որ «Մրգաձոր» ՍՊԸ-ին պատկանող ավտոտեխսպասարկման կայանը՝ շենք-շինությունները և սարքավորումները, վնասվել են Գեղանուշ գետի հունից ջրերի արտահոսքի, հեղեղաջրերի հոսման ժամանակ հին ջրատարի ուղղահայաց բետոնյա պատերի փլուզման հետևանքով, որն, ըստ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության, նոր կառուցված արագահոս ջրատարի նախագծային լուծումներից շեղումներով կառուցման հետևանք է: Նույն եզրակացության մեջ արձանագրված է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացված է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան:

Այս ամենը հաշվի առնելով՝ ակնկալում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական գնահատականը առկա խնդրի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում Գեղանուշի պոչամբարի շահագործումն արդյո՞ք վտանգ չի սպառնում տարածաշրջանի բնակչության կյանքին ու առողջությանը և ի՞նչ ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի համար: 

Կից ներկայացնում ենք ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացության պատճենը: 
Հարգանքով`

«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և
Ժողովրդավարության Զարգացման»
հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան