Ռեփերը վիրավորե՞լ է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
Ռեփեր Արսեն Նիկողոսյանին ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձիք վերջին 20 օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ անհանգստացրել են։ Առաջին անգամ երիտասարդին բաժին են հրավիրել հուլիսի 24-ին` «Վճարում ենք 100 դրամ» ակցիաների ընթացքում. «Ոստիկանությունը Օպերայի հրապարակում մոտիկանում ա նոթբուքով ինձ, երգը դրած, ասում ա` այս երգը դուք եք երգում, ասում եմ` այո, բա դուք գիտե՞ք, որ երկրի նախագահին վիրավորել եք, ասում եմ` ես ոչ մեկին չեմ վիրավորել, ասում եմ` իմաստը ձեր մոտիկանալու, ասում ա` 6 մլն դրամ տուգանք ա հասնում»,- նշում է Արսենը:
Հայաստանի օրենսդրությամբ` պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի առավելագույն չափը կարող է հաշվարկվել 3 մլն դրամ։ Թե ինչու են նրան 6 մլն դրամի տուգանքի մասին ասել, ռեփերը չգիտի։
Արսեն և Սաքո ռեփերների ոստիկանների ուշադրությանը արժանացած երգը կոչվում է «Քաոս», համացանցում տեղադրվել է հուլիսի 18-ին: Արսենը պնդում է, որ իր երգում չի վիրավորել երկրի նախագահին:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը դիտել է տեսահոլովակը։ Նա վիրավորանք չի տեսել. «Եթե անգամ վիրավորանք կա որևէ մեկի խոսքում, որևէ մեկի հասցեին, ոստիկանը որևէ կերպ միջնորդ, իշխանության կամ պետության կողմից այդ հարաբերություններին խառնվելու իրավունք չունի: Մարդը, ով որ վիրավորված է զգում, նա պետք է դիմի այդ մեկին: Բանակցություններ, դատական գործ, ի վերջո դատարանը հարցը կլուծի»,- ասում է պարոն Բարսեղյանը:
Լևոն Բարսեղյանը նշում է, որ սա առաջին դեպքը չի. բազմիցս է լսել նմանաբնույթ ահազանգերի մասին: Նա ասում է. «Հրավիրել ոստիկանություն, չկա նման բան Հայաստանի օրենսդրության մեջ, Ձեր տուն կարող ես հրավիրել, հարգելի ոստիկան, բայց ոչ մի կերպ չես կարող հրավիրել ոստիկանություն»:
Արսենը համոզված է, որ ոստիկանների գործունեությունը այլ նպատակ էր հետապնդում` խոչընդոտել Վճարում ենք 100 դրամ» ակցիաներին. «Ուղղակի ուզում էին վախի մթնոլորտ մտցնեին մեր մեջ, որ էտ ակցիաները չիրականացնեինք»,- համոզված է ռեփերը:
Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդեցին, որ Արսեն Նիկողոսյանի երգի առնչությամբ բողոք չի եղել:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: