Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավստրիացի ինժեները, հին Երեւանն ու չժամանող զբոսաշրջիկները (տեսանյութ)

Հասարակություն
3bca05c757804ed1fb9156e9eee4e5b4

Որքան էլ տարօրինակ հնչի, ավստրիացի Գունտեր Ռեյֆի համար Երեւանն այսօր ավելի կանաչ է, քան 37 տարի առաջ։ Մոտ երկու տարի նա ապրել է խորհրդային Հայաստանում՝ աշխատելով որպես ինժեներ Մասիսի ֆաբրիկաներից մեկում։

Ազատ ժամերին հազարավոր լուսանկարներ է արել, որոնցից 400-ը նա նվիրել է Hin Yerevan կայքին։ Նախորդ տարվա վերջին ստեղծված ոչ կոմերցիոն կայքի մասին պատահաբար է իմացել՝ ֆեյսբուքյան գովազդի միջոցով։ Գաղափարն իրեն ոգեւորել է եւ սկսել է կայքում բեռնել լուսանկարները։

Քաղաք,որը փորձում է արեւմտյան տեսք ձեռք բերել, բայց դեռ ապրում է արեւելյան շնչով։ Ահա այսպես է բնութագրում Երեւանը ավստրիացի ինժեները։

Հայաստանում բնակվողի տեսակետը մի քիչ այլ է։ hinyerevan.com կայքի երեւանյան պատասխանատու Գալուստ Նանյանն ասում է, որ վարդագույն Երեւանից գրեթե ոչինչ չի մնացել։

Նման համոզումը ծնվել է կայքի՝ տարբեր օգտատերերի կողմից բեռնված լուսանկարները համադրելիս։ Արդեն 1778 լուսանկար կա կայքում՝ ներկայացնելով Երեւանը 1826թ-ից սկսած։ «Փոփոխությունները շատ են եւ դեպի վատը»,- շարունակում է Գալուստ Նանյանը։

Գրեթե ամեն տարի Հայաստան եկող Գունտեր Ռեյֆն էլ է որոշել համեմատություններ անել։ Այցելելու է այն վայրերը,որտեղ նախկինում լուսանկարներ է արել,որպեսզի նորերի միջոցով համադրի անցյալն ու ներկան։

Ավստրիացի ինժեներին դեպի Հայաստան կանչում են ոչ միայն իր կնոջ արմատները, որի հետ ծանոթացել է Մասիսում աշխատելիս, այլեւ կլիման։ Ասում է, որ Հայաստանում ավելի քիչ է դեղորայք ընդունում, ինչը ստիպված է անել Ավստրիայում առողջական խնդիրների պատճառով։

Նրան այստեղ դուր է գալիս նաեւ կյանքի տեմպը,որն Արեւմուտքի համեմատ ավելի դանդաղ է։

Մտածել գլոբալ՝ պահպանելով ավանդությունները. այս կերպ, ըստ նրա, Հայաստանը ավելի կհրապուրի զբոսաշրջիկներին։ Նրա կարծիքով՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի վրա ազդում է նաեւ արտագաղթը։ Երկիրը լքողների մեծ մասի պատմությունները՝ հայրենիքի սոցիալ-տնտեսական դժվարությունների եւ ոչ ժողովրդավար լինելու մասին, նվազ հրապուրիչ են դարձնում Հայաստանը։