Ուղիղ. Սպառնալիքներ` Կանանց ռեսուրսային կենտրոնին (տեսանյութ)
Սեպտեմբերի 3-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի քննարկում՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչած սպառնալիքների, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների նկատմամբ համացանցում, այսպես կոչված, «ատելության լեզվի» (hate speech) դրսևորումների ակտիվացման, ինչպես նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի ձեռնարկելիք հնարավոր իրավական քայլերի վերաբերյալ:
Քննարկման բանախոսներն են Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը և կենտրոնի փաստաբան Լուսինե Մինասյանը, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Աննա Նիկողոսյանը, Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնը վերջին շրջանում սպառնալիքներ է ստանում` ուղղված իր գործունեությանը, ընդհուպ մինչև բնակելի շենքում տեղակայված կենտրոնը պայթեցնելու սպառնալիք:
Օգոստոսի 29-ին մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով դատապարտել են հնչեցվող սպառնալիքները, խտրական ու ագրեսիվ վերաբերմունքը խթանող ապատեղեկատվության տարածումը և պահանջել, որ ոստիկանությունն ապահովի Կանանց ռեսուրսային կենտրոնի անձնակազմի անվտանգությունը, բացահայտի սպառնալիքներ հնչեցնողների ինքնությունը: