Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առողջապահության բյուջեի բաշխումն անարդյունավետ է»

Տնտեսություն
6d5410b81ec7db9524ec6ca36852b464

ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ հակված է հավատալու Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ներկայացրած տվյալներին:

Տիկին Սարգսյանը միաժամանակ նկատեց, որ նախարարի կողմից գեղեցիկ ներկայացված տվյալների կողքին ինքն ունի բազմաթիվ փաստեր, որոնք հուսադրող չեն. «Մասնավորապես խոսքս վերաբերում է սոցիալական փաթեթին: Ես չեմ կարողանում հասկանալ՝ եթե ութ մլրդ դրամ է հատկացված փաթեթին, ինչու է դրանից միայն ութ հարյուր մլն-ն օգտագործված առողջապահության համար: Ես կարծում եմ, որ նման բյուջեի բաշխումը անարդյունավետ է եւ առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր»:

Դերենիկ Դումանյանը տիկին Սարգսյանին հուսադրեց, որ շատ լավ է անում, որ փորձում է հավատալ իրեն եւ միաժամանակ վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անում են, որ համակարգը դրական աշխատի, եւ ամեն ինչ լինելու է իրենց հսկողության տակ. «Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, ապա կարող եմ ասել, որ առողջական համակարգի մուտքերը նախորդ տարիների համեմատ, ավելացել են: Վճարման համակարգի ներդրվելուց հետո մարդիկ դեռեւս պատրաստ չեն դիմել այդ փաթեթին ու հաճախակի օգտվեն դրանից: Մշակույթը սեփական առողջության պահպանման նկատմամբ դեռ չի ձեւավորվել»:

Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ իր որոշ հարցերի պատասխաններ այդպես էլ չհնչեցին, ինչպես նաեւ՝ համամիտ չէ նախարարի հետ, թե մեր բնակչությունը ծանոթ չէ սոցիալական փաթեթներին. «Մարդիկ ընդամենը դիմում են բժշկական կենտրոններ ու մերժում ստանում, թե միջոցները սպառված են արդեն: Ես կոչ եմ անում, որպեսզի վերահսկողությունն էլ ավելի ուժեղանա»: