«Սա հուսահատ, անողնաշար բյուջե է»
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ 2014թ. պետական բյուջեն պետք է ետ վերադարձվի ու համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը: «Արդեն որերորդ տարին է՝ բյուջե եք բերում՝ ոչինչ չասող բառերի կույտով... Ու սա կոչվում է բյուջե՞»,-հայտարարեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ դեմ է քվեարկելու բյուջեին ու այդպիսով նաեւ պետք է պահանջել կառավարության հրաժարականը:
ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ՝ բյուջեն կազմելիս նախ եւ առաջ պետք էր մտածել երկրում աղքատությունը ծնող պատճառների վերացման մասին, մինչդեռ կառավարության անարդյունավետ աշխատանքի պատճառով հակառակ գործընթացն է տեղի ունենում՝ մեծանում է արտագաղթը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ 2014թ. պետական բյուջեն հարվածային բառապաշարի մի հզոր զինանոց է իրենից ներկայացնում՝ ապահովել, ընդլայնել, արդիականացնել, ներգրավել, վերահսկել, նախապատրաստել, կարգավորել, որակավորել, օժանդակել եւ նույնիսկ հանրահռչակել. «Հնչեղ այս բառերը, սակայն, բոլորովին էլ բյուջեին հնչեղություն չեն ապահովում ու հարց է առաջանում՝ որքանո՞վ է գործունակ մեր կառավարությունը»:
Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ բյուջեում հանդիպում ենք նաեւ նման մտքերի՝ զինծառայողների, աշակերտների, ծնունդների թիվը պակասել է, շարունակելու է պակասել. «Սա հուսահատ, անողնաշար բյուջե է. մի կետ չկա, որ լավատեսության նշույլ պարունակի: Միակ լուսավոր կետը, որ այս համատարած ճահճացման մեջ հանդիպում ենք, դա այն է, որ կառավարությունը իր նախանշած ռիսկերի մեջ հնարավոր է համարել նաեւ մեր քաղաքական անկայունությունը:
Դրա համար էլ Շանթ Հարությունյանի գործողությունները դրական արձագանք են ստանում հանրության մեջ, քանի որ կառավարությունը բոլոր ճանապարհները փակում է: Այս հանգամանքը նաեւ պարտավորեցնում է ընդդիմությանը, որ ոչ թե հուսահատ, այլ հաշվարկված քայլերի դիմի ու բերի քաղաքական հաղթանակների»:
Ըստ նրա՝ առաջիկայում կձեւավորվի քաղաքական ու քաղաքացիական ուժերի այնպիսի համախմբում, որ կհանգեցնի հուսահատության պատը քանդելուն:
Արտահերթ ելույթով հանդես եկավ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա՝ այնպիսի տպավորություն է, թե բացի բացասականից, ապագային միտված որեւէ քայլ գոյություն չունի. «Այդպիսի մթնոլորտում որեւէ մեկը որեւիցե ձեւով չի կարող աշխատել ու ստեղծագործել: Ես կոչ եմ անում՝ ոչ միայն բացասականը տեսնել այս փաստաթղթում, այլ նաեւ տեսնել, թե եղած դրականով ինչ քայլ կարող ենք անել՝ առաջ գնալու՝ համախմբելով մեր ռեսուրսները»:
Նա նաեւ հայտարարեց, թե պետք չէ զինծառայողներին թյուրիմացության մեջ գցել, թե Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը վերաբերում է նաեւ նրանց եւ նրանց աշխատավարձերից եւս պետք է հինգ տոկոս գանձվի. «Նման բան չկա: Չեմ հասկանում՝ հատո՞ւկ են արվում նման հայտարարություններ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս արտահերթ ելույթ ունեցավ՝ ասելով, որ գովելի ու դրական է համարում քաղաքական բազմակարծությունը, սակայն իր համար անհասկանալի է, երբ մարդիկ խոսում են քաղաքական մերժողականության ու նիհիլիզմի լեզվով. «Չկա հստակ քննադատություն բյուջեի վերաբերյալ, որը ես չեմ բացառում:
Կան թերություններ, իհարկե, այս բյուջեն մեր երազանքների ու ցանկությունների բյուջեն չէ, սակայն ամեն ինչ տեսնել սեւ ակնոցներով ու խոսել հուսահատության մասին, դա անընդունելի է: Իսկ ինչու չեք հարցնում՝ միգուցե դրա մեղավորությունը նաեւ ընդդիմության մեջ է. հայտնվել եք քաղաքական ու քաղաքացիական լուսանցքներում ու հիմա համախմբումների կոչ եք անում: Ես նման համախմբումներին կողմ եմ, սակայն եթե դրանք լինեն գաղափարական, հակառակ դեպքում ձախողված են: