Կաթի փոխարեն՝ թան
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի այսօրվա նիստում անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար տուգանք է կիրառվել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Բոնիլատ» ընկերության նկատմամբ: Տուգանքը կազմում է նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը։
Պարզվել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչը դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերիզացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են և ներկայացվել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:
Ըստ ՏՄՊՊՀ-ի` «Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: