Լոլիկը քիչ էր, կարտոֆիլը՝ շատ
Գյուղատնտեսության ոլորտում այս տարի արդյունավետության աճ է նկատվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում աճը պայմանավորված է Գյուղացիական տնտեսության աջակցության մարզային կենտրոնների արդյունավետ աշխատանքով։ Նա նաև հայտնեց, որ ՀՀ բոլոր մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, որոնք խորհրդատվական աջակցություն են ցույց տալիս գյուղացիներին։
Փոխնախարարի խոսքով՝ գյուղացու առջև ծառացած կարևոր խնդիրներից շարունակում է մնալ վնասատուների դեմ պայքարը. «Անցած տարի կարտոֆիլի ցեցի պատճառով բերքի զգալի մասը վնասվեց, բայց այս տարի արդեն նվազագույնի հասցրինք այդ միջատների հասցրած վնասները», - ասաց Գառնիկ Պետրոսյանը և հավելեց, որ չլուծված է մնում մորմազգի մշակաբույսերին մեծ վնաս հասցնող ցեցի հարցը։ Նա հայտնեց, որ անցյալ տարվա 265 հազար տոննա բերքի դիմաց այս տարի մոտ 5 հազար տոննայով պակաս լոլիկ ենք ստացել։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ հաջորդ տարի փորձելու են իրենց գիտական կենտրոնում լուծել տեղական սերմնարտադրության հարցը. «ՄԱԿ-ի պարենային ծրագրի շրջանակներում Հայաստանին այս նպատակով մոտ 459 հազար դոլարի միջոցներ կտրամադրվեն, որոնք կուղղվեն տեղական սերմնարտադրությանը», - նշեց նա։
Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում ամենակարևոր հարցերից մեկը մնում է արտահանման խնդիրը։ Նրա խոսքով՝ այս տարվա շուրջ 20 հազար տոննա կարտոֆիլի արտահանման ծավալն աննախադեպ էր. «Հետխորհրդային շրջանում սա աննախադեպ ցուցանիշ էր, որը կրկնակի գերազանցեց անցած տարվա ցուցանիշը»,- ասաց նա: