Իրանի դեսպանը խոսեց գազից
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսել է հայ-իրանական հարաբերություններից: Նա նշել է, որ Իրանը մտադրություն չունի հայ-ռուսական հարաբերություններում տարաձայնություններ առաջացնել: Խոսելով Իրանից Հայաստան մատակարարվող գազի մասին՝ դեսպանը նշեց, որ Իրանի կառավարությունը Հայաստանին գազը էժան գնով է մատակարարում, ու դա բխում է երկու երկրների բարեկամական հարաբերություններից. «Եթե անհրաժեշտ լինի, որ ամբողջապես մենք ապահովենք Հայաստան մատակարարվող գազի սպառման ծավալները, հարկավոր կլինի, որ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծվեն: Մինչ այժմ Հայաստանի կառավարության հետ նման քննարկում չենք ունեցել»,- ասաց դեսպանը:
Խոսելով Հայաստանի տնտեսական վիճակից` Մուհամադ Ռաիսին ասաց. «Իրանը ցանկանում է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում առաջընթաց ու զարգացում ունենա: Հայաստանի տնտեսական զարգացումը և վիճակի բարելավումը Իրանի զարգացումն է, ինչպես նաև Հայաստանի կայունությունը և անվտանգությունը Իրանի կայունությունն է»:
Նա նաև տեղեկացրեց, որ իրանական կողմը աշխատում է, որպեսզի հայ-իրանական տնտեսական հարաբերություններն էլ ավելի դյուրինացվեն. «Մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի բանկային խնդիրները և խոչընդոտները վերանան, և մոտ ապագայում հուսով ենք, որ դա կիրականացվի»,- հավելեց դեսպանը: