Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկող տարի էներգիա կխնայենք

Տնտեսություն
a5eee518b03163517c7335d28bb17c49

2014թ. ապրիլին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նախատեսում է իրականացնել պիլոտային մի ծրագիր, ըստ որի` հնարավոր կլինի խնայել էներգիա: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը` եկող տարի Վաշինգտոնում կներկայացնելու են էներգախնայողության մի ծրագիր` ջրային պոմպերի տեսքով իրականացնել առաջին պիլոտ ծրագիրը ՀՀ տարբեր մարզերում: «Եթե այս ենթածրագիրը հաստատվի, ապա եկող տարվա վերջ մենք նախագծեր կունենանք եւ 5-10 տարվա ընթացքում կունենանք լուրջ հաջողություններ»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքերով` էներգախնայողության ու էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաների ներդրման այդ ծրագրերը էներգետիկայի զարգացման հիմնարար ուղղություններից են մեր երկրում. «Վերականգնվող էներգետիկայի բնագավառում մենք քիչ թե շատ հաջողակ ենք եւ ունենք փայլուն արդյունքներ: Իսկ էներգախնայողության ասպարեզում մենք, իհարկե, ունենք զարգացումներ, սակայն դրանք մեզ չեն բավարարում: Այսօր մենք կարող ենք մեր էներգաօգտագործման բնագավառում 20 տոկոս խնայողություն անել` օգտագործելով էներգախնայող միջոցներ. այս ծրագրերն իրականացնելու համար բավականին մեծ ներդրումներ են պետք»:

Պարոն Գալստյանը նկատեց, որ հանրապետության այսօրվա շենքերը կառուցված են այն նորմատիվներով, որոնց դեպքում հաշվի չեն առնվել էներգախնայողության չափանիշները. «Եկող տարվա մեջ նախատեսված բազմաթիվ պիլոտային ծրագրերից է նաեւ, օրինակ, ցածր պոտենցիալի էներգիան դարձնել ավելի բարձր` օգտագործելով հողի մակերեսի տակից եկող կամ գրունտային ջրերի ջերմաստիճանը, որն ավելի բարձր է: Կարելի է նույնիսկ օգտագործել օդը»:

Նա ընդգծեց, որ Սկանդինավյան երկրների հետ այժմ բանակցություններն ավարտվել են, ստեղծվել է ֆոնդ, որը 3 տարի արդեն աշխատում է Ուկրաինայում։ Ծրագրի համար ներդրվել է 150 մլն եվրո` էներգախնայողության ծրագրերի իրականացման համար. «Ակնկալում ենք, որ այդ ֆոնդը կսկսի աշխատել նաեւ մեզ մոտ: Պետությունը ստանձնում է պարտավորություն մեկ միավոր գումար ներդնել` դիմացը ստանալով 19 միավոր գրանտային ռեսուրս կամ փափուկ վարկ»: