ՅՈՐԴԱՆԵՍԿՈՒՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան - Ռումինիա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն նշեց, որ իրենց համար արդյունքը հիասթափեցնող է, քանի որ պայքարում են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:
«Ամեն դեպքում սա չի նշանակում, թե մենք կորցրեցինք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները: Մեր կազմում բացակայում էին մի շարք ֆուտբոլիստներ եւ կարճ ժամանակահատվածում ինձ չհաջողվեց թիմը կարգի բերել: Հետագայում մենք կարող ենք ավելի լավ արդյունքներ ցույց տալ»:
Յորդանեսկուն խոստովանեց, որ Հայաստանի հավաքականն ավելի հաջող հանդես եկավ եւ ուներ առավելություն. «Ձեր հավաքականը կարող է անակնկալ մատուցել ցանկացած խաղում: Ես ներկա էի Հայաստան - Չեխիա հանդիպմանը եւ նույնպես վատ տպավորություն չստացա, պարզապես շուտ գոլ ընդունեցիք եւ պայքարը ավելի դժվարացավ»:
Ավելորդ չէ նշել, որ Յորդանեսկուն հանդիպմանը հետեւում էր բավականին էմոցիոնալ ձեւով: Երբ Հայաստանը հավասարեցրեց հաշիվը նա ակտիվացավ եւ մինչեւ խաղավերջ դաշտի եզրային գծից ցուցումներ էր տալիս իր սաներին եւ հանդիպման չորորդ մրցավարը անընդհատ փորձում էր հանգստացնել գեներալի կոչում ունեցող Յորդանեսկուին: