Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԵՎ ՀԱՂԹԵԼ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերջապես միավոր վաստակեց 2006թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայ ֆուտբոլիստները ընտրական 5-րդ խաղում մրցելով Ռումինիայի հետ հանդիպումը ավարտեցին 1:1 հաշվով, չնայած ավելի մոտ էին հաղթանակին, քան` մրցակիցը:

1-ին 25 րոպեները ընթացան հավասար պայքարում, իսկ 27-րդ րոպեին մեր պաշտպանները փորձելով ստեղծել խաղից դուրս վիճակ սխալվեցին եւ ռումինների հարձակվող Մարիկան մեն - մենակ մնալով դարպասապահ Բետեի դեմ` բացեց խաղի հաշիվը: Մինչեւ ընդմիջում Արամ Ոսկանյանը եւ Էդգար Մանուչարյանը հաշիվը հավասարեցնելու լավ պահեր ունեցան, սակայն անթերի խաղաց դարպասապահ Ստեյլան:

2-րդ կեսում հայ ֆուտոբլիստներին վերջապես հաջողվեց սեփական հարկի տակ գոլ խփել. 69-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Կարեն Դոխոյանի մոտ, որը գեղեցիկ հարվածով այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

Բաց թողած գոլից հետո ռումինացիները նետվեցին առաջ հաղթանակ կորզելու համար, սակայն մեր պաշտպանները գրագետ էին գործում եւ սուր հակագրոհների հնարավորություն էին ստեղծում: Հատկապես դարպասը գրավելու հիանալի առիթ ներկայացավ հանդիպման վերջին րոպեին, երբ 17-ամյա Էդգար Մանուչարյանը սուր անկյան տակ ուժեղ հարված կատարեց, սակայն 37-ամյա Ստելյան մատների ծայրերով շեղեց գնդակի ուղղությունը:

Ընտրական 1-ին խմբում ընդգրկված Չեխիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մակեդոնիայի դարպասը, իսկ Անդորրան սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվեց Հոլանդիային:

Ընտրական հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2005թ. մարտի 26-ին Երեւանում, Անդորրայի հետ: