ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎ ԽԱՂԸ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս տվեց եւ Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ ասաց. «Չէի սպասում, որ կարող ենք լավ հանդես գալ: Կարծում եմ, մենք կորցրեցինք 2 միավոր, այլ ոչ թե վաստակեցինք 1-ը: Ինձ համար կարեւորը խաղն էր, այլ ոչ թե ոչ-ոքին: Կարեւոր է, որ ֆուտբոլիստները նվիրված էին հանդես գալիս»:
ՀՖՖ նախագահը նշեց, որ հավաքականի ֆուտբոլիստները լավ խաղի համար հանդիպումից հետո պարգեւատրվել են: Խոսելով կոնկրետ խաղացողների մասին Ռուբեն Հայրապետյանը ասաց, որ հավաքականին անհրաժեշտ են կարգապահ եւ նվիրված ֆուտբոլիստներ:
Հայտնի դարձավ, որ Արթուր Պետրոսյանը առաջիկա ընկերական հանդիպմանը կհրավիրվի, որպեսզի հրաժեշտ տա թիմին. «Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումից հետո Արթուր Պետրոսյանը մոտեցավ ինձ եւ խնդրեց, որ այլեւս իրեն չհրավիրեն, քանի որ ծնկի վնասվածքի պատճառով չի կարող հանդես գալ եւ ակումբում, եւ հավաքականում: Քանի որ պաշտոնական խաղում չենք կարող կազմակերպել նրա հրաժեշտի խաղը, ապա դա կանենք առաջիկա ընկերական խաղում»:
Պարզվեց նաեւ, որ Գյումրիի «Շիրակը» կմնա բարձրագույն խմբում, քանի որ 2005թ. առաջնության մասնակիցների թիմը ավելացվելու է: