«Երկիրը բուժելու փոխարեն դագաղ են պատրաստում»
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամները երբեք էլ դեմ չեն եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, բայց նշում են, որ սա այդ դեպքը չէ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբի անդամ Արսեն Մանուկյանը մեկ անգամ եւս նշել է, որ տխրահռչակ օրենքում մի շարք թերություններ կան, որոնք կարող են կործանարար հետեւանքներ ունենալ։
Նրա խոսքերով՝ մենք վճարելու ենք ոչ թե 5 տոկոս, այլ 6,6-13,5 տոկոս։ Բացի այդ, քաղաքացին ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ եւ այն ընթերցող սարքը, որի համար պետք է վճարի 9000 դրամ։ Իսկ քաղաքացին այդ գումարը կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու կամ անբուժելի հիվանդ լինելու դեպքում. «Եթե մարդն անբուժելի հիվանդ է, նրա ինչի՞ն է պետք այդ գումարը»,- հարց է տալիս նա։
Իսկ Գեւորգ Գորգիսյանն էլ ավելացնում է, որ մի կողմից մենք հայտարարում ենք, որ ունենք քիչ բյուջե, սակայն այդ գումարը դուրս ենք հանում եւ դրանով հայտարարում, որ լուծում ենք սոցիալական խնդիր։
«Մենք չենք առարկում, որ երկրում առկա է ծերացման խնդիր, բայց դա ոչ թե մեր երկրում ծնելիության խնդրի, այլ արտագաղթի հետեւանք է։ Եվ սա է խնդիրը։ Փաստորեն կառավարությունը հայտարարում է, որ մեր երկիրը հիվանդ է, սակայն այն բուժելու փոխարեն, սկսում է դագաղ պատրաստել»,- հայտարարեց ծրագրավորողը։
Նրանք դրական են գնահատում այն ամենը, ինչին հասել են այս տարվա ընթացքում եւ արդեն ճակատ է ձեւավորվել։ Հաջորդ տարի իրենց պայքարը բուռն կերպով շարունակելու են։
«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է թույլ չտանք, որ մեզ ներքաշեն այս ֆինանսական «խարդախությունների» մեջ, որովհետև, ի վերջո, այս գումարները կրկին վճարելու ենք մենք և մեր զավակները»,- կոչով քաղաքացիներին դիմեցին «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամները։