Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ծախսեր՝ կուտակայինի անցնելու համար

Տնտեսություն
81ebe190545c9510d4e3d2f7ce7bb7b8

2014թ. հունվարի մեկից կիրառվող Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը տարաբնույթ գնահատականների առիթ է հանդիսացել: Համակարգի պատասխանատուները վստահեցնում են, որ սա կենսական անհրաժեշտություն է, իսկ բողոքող քաղաքացիներն այլ փաստարկներ են բերում:

Անկախ այն հանգամանքից, որ ԱԺ ոչ իշխանական ուժերը դիմել են ՍԴ` վիճարկելու Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, այն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի մեկից: ԿԲ-ն` իբրեւ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, լիցենզավորել է երկու ընկերության` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»ին եւ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ին: Այս ընկերությունները քաղաքացիների ամսական 5-10 տոկոս կենսաթոշակային վճարումները կկառավարեն 3 տեսակի ֆոնդերում։

ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բաժնի պետ Կարեն Հակոբյանը բացատրում է. «Այն անձինք, որոնք ձգտում են առավելագույն եկամուտի, չեն խուսափում որոշակի ռիսկից, կարող են ընտրել հավասարակշռված ֆոնդը, այն անձինք, որոնք միջին ռիսկի են հակված, կարող են ընտրել պահպանողականը, եւ այն անձինք, որոնք բավարարվում են քիչ եկամուտով եւ քիչ ռիսկով, կարող են ընտրել կայուն եկամտային ֆոնդը»:

Պարոն Հակոբյանի տեղեկացմամբ` առավելագույնը մինչեւ մարտ ամսվա վերջ գործատուները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել իրենց աշխատակիցների մասին հաշվետվություն, հակառակ դեպքում` ավտոմատացված համակարգը կկատարի կառավարչի կամայական ընտրություն, սակայն ֆոնդը կլինի միջին ռիսկայնության պահպանողական: Իսկ ընտրություն կատարելու պարագայում քաղաքացին կունենա երկու հնարավորություն. «Մարդը, եթե ունի նույնականացման քարտ, եւ քարտ կարդացող սարք, ինչպես նաեւ` ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, կարող է մուտք գործել այդ կայք, եւ լրացնել ֆոնդի ընտրության դիմումը, որից հետո հաշվետվություն կներկայացվի էկրանին, որ հաստատվել է ձեր ընտրությունը»:
Ընտրության 2-րդ տարբերակն անվճար է. «Այն անձինք, որոնք չունեն նույնականացման քարտ, չունեն քարտ կարդացող սարք, կարող են այդ ընտրությունը կատարել անվճար` հաշվի օպերատոր հանդիսացող բանկի կամ «Հայփոստ»-ի մասնաճյուղերում: Ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունները ներկայացնող իրենց համարանիշը՝ կարող են կատարել ընտրություն»:

«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումների» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Մանուկյանը ոչ միայն չի վստահում կառավարիչներին ու ֆոնդերի կենսագործունեությանը, այլեւ կարծում է, որ անգամ գրանցումը հավելյալ գումար պոկելու առիթ է. «Ես ինքս ձեռք չեմ բերել ու չգիտեմ էլ` երբ ձեռք կբերեմ, բայց դա եւս 9000 դրամի ծախս է: Դու պետք է ունենաս այդ ամենը, որ կարողանաս օգտվել այդ համակարգից: Սա եւս մեկ անտեղի ծախս է քաղաքացու համար»: