«Ուղեվարձի թանկացումն անընդունելի է»
Գալիք տարում մեր իշխանությունները թող ավելի շատ մտածեն մեր ժողովրդի մասին։ Որոշ փոփոխություններ մտցնեն, որ մարդիկ չլքեն իրենց երկիրը եւ դեպի լավ ապագա գնան։ «Ա1+»-ի հետ զրույցում մաղթեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Նա նույնիսկ դժվարանում է ասել, թե ինչ դրական բան է տեղի ունեցել սպառողների համար. «Ողջ տարվա ընթացքում սպառողների իրավունքները միայն ոտնահարվել են»։ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը միանգամից թվարկում է բացասական երեւույթները՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացում, վճարովի ավտոկայանատեղիների խնդիր։ Նրա խոսքերով՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի է. «Նույն Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում տրանսպորտի գնի թանկացում տեղի չի ունեցել, բայց այնտեղ շատ ավելի որակյալ է սպասարկումը, քան մեզ մոտ։ Այնպիսի վիճակ, ինչպիսին Հայաստանում է, նախկին խորհրդային երկրներից եւ ոչ մի տեղ չկա»։ Իսկ վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված էլ նշեց, որ Հայաստանում այն ներդրվել է առանց միջազգային պրակտիկան ուսումնասիրելու։ Կարեն Չիլինգարյանը բոլոր սպառողներին մաղթում է համբերություն։