Երբ կարտադրվի հայկական պլանշետը
Հայկական արտադրության առաջին պլանշետի` Armtab, եւ առաջին հեռախոսի` Armphone, արտադրությունը դեռ չի սկսվել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «ՌԱՕ Մարս» գործարանի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու կառավարիչ «Սինտրոնիքս-Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արսեն Սարգսյանը: Նա նաեւ ավելացրեց, որ «ՌԱՕ Մարս» գործարանի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում ամեն ինչ պատրաստ է` տեղակայելու Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությանը, միայն թե դեռ սպասում են արտադրող այս ընկերության` կառավարությանը ներկայացրած արտոնագրի հաստատմանը: «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրություն Հայաստանում: Այս մասին անցած տարվա դեկտեմբերին Կառավարությունում արդյունաբերական խորհրդի հերթական նիստին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ներկայացրել հայկական արտադրության առաջին պլանշետը`Armtab, եւ առաջին հեռախոսը`Armphone: Նախատեսվել է, որ պլանշետի եւ հեռախոսի արտադրությունը պետք է սկսվի արդեն այս տարվանից: Պարոն Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում` սա ընդամենը փուլային գործընթաց է եւ արտոնագրի վավերացումից հետո, որն ընդամենը ժամանակի եւ ֆորմալ հարց է, «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը կլինի առաջինը, որ կսկսի աշխատել ազատ տնտեսական գոտում: