Կաղամբի բերքը չի արդարացրել
Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ապրուստի հիմնական միջոցը կաղամբն է: Լուկաշինցի կաղամբ մշակողները դժգոհ են այս տարի ստացած բերքի քանակից: Համայնքի բնակիչ Ռոբերտ Աղաբեկյանն անցյալ տարի իր 2 հա հողամասում կաղամբ է սածիլել, բայց բերքահավաք չի կատարել: Ասում է՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի 50 տոկոսը կորցրել է. «Կաղամբի բերքը շատ քիչ էր, 1 հա-ից պետք է ստանայի 50-60 տոննա բերք, բայց 18 տոննա եմ հավաքել, դա շատ վատ արդյունք է», - ասաց նա: Լուկաշինցին նշեց, որ կաղամբի մշակմանը հարված հասցրեց շոգ եղանակը. «Շոգ էր, ժամանակին մի քիչ ցուրտ չարեց, որ կաղամբի գլուխը պնդանար, տերևները չհավաքվեց իրար, սաղ անասնակեր դարձավ»,- հավելեց գյուղացին: Պարոն Ռոբերտի «բախտակից ընկերներ են» գյուղում կաղամբի մշակությամբ զբաղվողներից շատերը։ «Տարին անհաջող էր կաղամբի աճի համար, ոռոգման ջուրն էր սուղ»,- ավելացրեց մեկ այլ կաղամբագործ: Գյուղում անցյալ տարի 200 հա կաղամբ է մշակվել: Լուկաշինցիները փաստեցին` բերք այնքան քիչ են ունեցել, որ իրացման խնդրի առջև նախորդ տարիների համեմատ չեն կանգնել. «Կիլոգրամը 80-ից 100 դրամով վաճառել ենք»,- ասաց Կարեն Մկրտչյանը: