Որքան կկազմի գնաճը՝ դեռ պարզ չէ (տեսանյութ)
ՄՄ-ին անդամակցելուց հետո հայաստանյան շուկայում գնաճը որքան կկազմի՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը խորհուրդ է տալիս սպասել բանակցությունների ավարտին: Նրա խոսքերով` որոշակի ապրանքների համար կան մաքսատուրքերի, դրույքաչափերի տարբերություններ։ «Այստեղ պետք չէ ինչ-որ թվեր վերցնել, արհեստական սկսել դրա մասին ակտիվ խոսել, պետք է ավարտվեն բանակցությունները, բացառությունների մասով կունենանք վերջնական պատկերը, դրանք բոլորը կհրապարակվեն»,- տեղեկացրեց նախարարի տեղակալը։ Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարությանը, թե գնաճը կլինի 1.5%, Մելքոնյանը նկատեց, որ այս թիվը կազմվել է այսպես. «Հաշվարկել ենք, թե այսօրվա գործող դրույքաչափերով ինչքան մաքսատուրք է գանձվում ՀՀ պետական բյուջե: Երրորդ երկրներից ներմուծված մաքսատուրքերը եթե գանձեինք, տեսականորեն ինչքան գումար կգանձվեր, այդ երկու թվերի տարբերությունը կազմում է այդ ավելորդ լրացուցիչ գումարը»: Ի դեպ, էկոնոմիկայի նախարարությունը արդեն կազմել է այն ապրանքների ցուցակը, որոնց մաքսազերծման դրույքաչափերը բարձրանալու են Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության պարագայում, սակայն կլինեն ապրանքներ, որոնք բացառություն կկազմեն: Այդ ապրանքների թվում են նաեւ ավտոմեքենաները։ «Այն ապրանքները, որոնք ներառվելու են բացառությունների ցանկում, որոնց մասով շարունակելու են գործել Հայաստանի գործող մաքսատուրքերը, ՀՀ բացառության կարգով ներմուծվելուց հետո, որպես ազատ շրջանառություն, չեն կարող վերարտահանվել ՄՄ այլ երկրներ։ Եթե որեւէ ապրանք ֆիքսում են, որ ներառվի ցուցակում, եթե ցածր ներմուծվի, որպեսզի վերարտահանվի, պետք է մաքսազերծվի»,- պարզաբանեց փոխնախարարը։ Ի դեպ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 10-ին Երեւանում աշխատանքային հանդիպում կազմակերպել ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները եւ Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները։