Կառուցապատումը սպանում է Երեւանը. բնապահպան (տեսանյութ)
Երեւանի քաղաքաշինությունը անկախության տարիներին ընթացել է այնպես, որ բարձրացրել են էկոլոգիական ռիսկերը, սեյսմիկ անվտանգությունը եւ ավելացել է մշակութային արժեքների կորուստը։ Այսօր հայտարարեց Երեւանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հասարակական հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքերով՝ երկար տարիներ աշխատել են այդ ուղղությամբ, սակայն լուրջ արդյունքներ չեն արձանագրել։ Սակայն վերջերս Քաղաքաշինության նախարարության եւ իրենց մասնակցությամբ մշակվել է Երեւանի կենտրոնի կառուցապատման հետ կապված հայեցակարգ։ Տիկին Դանիելյանը նշում է, որ Երեւանում նոր կառույցներ չպետք է կառուցվեն եւ հողհատկացումներ չպետք է արվեն, մինչեւ օրենքի ընդունումը։ Սակայն այժմ Քաղաքաշինության նախարարությունը որոշել է՝ կառուցապատում կարող է իրականացվել միայն նախարարության հետ համաձայնեցնելով։ «Դա լավ լուր է, բայց հարց է՝ որքանո՞վ Քաղաքաշինության նախարարությունը կկարողանա իրոք ազդել, որքանով օրինակ Մշակույթի նախարարությո՞ւնը կարողացավ ազդել, որպեսզի Ծածկած շուկան չվերածվի Սիթիի։ Դա հարց է իհարկե, այստեղ հանրության մասնակցությունը պետք է մեծ լինի»,- նշում է Կարինե Դանիելյանը։ Նա մեծ ցավով է նշում, որ այսօր Երեւանի կենտրոնի բակերում ուղղակի պատերազմ է գնում՝որպես թարմ օրինակ բերելով Սայաթ-Նովա 10 շենքի բակում իրականացվող շինարարությունը։ «Ամբողջ աշխարհում աշխատում են բակային տարածքները ավելացնել, կանաչապատել, առողջ ապրելակերպ վարել, սակայն մենք հակառակն ենք անում, որքան հնարավոր է՝ բարձրահարկ շենքեր ենք մտցնում։ Կառուցապատումը ուղղակի սպանում է Երեւանը։ Տիկին Դանիելյանը պատկան մարմիններին միայն ցանկանում է հիշեցնել, որ 1984 –ից մինչեւ 2011 թ. կանաչապատումը 60 տոկոս կորուստ է կրել՝ հիմնականում քաղաքաշինության, դժվար խնամքի, ջրի պակասի, ծառահատումների, էներգետիկ ճգնաժամի հետեւանքով։ Ի դեպ, Երեւանն ընդգրկվել է ՏԻՄ հանուն կայունության քաղաքների էկոլոգիական նախաձեռնությունների միջազգային ցանցում։ Կարինե Դանիելյանի խոսքերով՝ դա կարող է դրական անդրադառնալ մեզ վրա, եւ այլ երկրների դրական փորձը կկիրառվի նաեւ այստեղ։