Չիպերի արտադրությունը զարմացրել է վարչապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը: Նրա խոսքով՝ այսօր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը մրցակցային արդար դաշտի ձևավորումն է, և եթե այդ ուղղությամբ արձանագրվի էական և շոշափելի առաջընթաց, ապա գործադիրն իր հիմնական առաքելությունն առաջիկա տարիների համար իրականացրած կլինի: Կառավարության ղեկավարը երկրորդ հիմնարար խնդիր է համարում Հայաստանում ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, ինչի արդյունքում պետք է լուծել կարևորագույն քաղաքական խնդիրը՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Դա, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի: Վարչապետը կառավարության երրորդ կարևորագույն խնդիրը համարում է ինտելեկտուալ կարողությունների ձևավորումը, քանի որ պետությունն այսօր ունի բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, և առանց նրանց հնարավոր չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Անդրադառնալով մասնավոր հատվածի հետ համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կառավարությունն այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները: Դրա համար էլ կառավարությունն սկսել է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն: Մի քանի հարյուր ոլորտներից բացահայտեցինք այն 11 ուղղությունները, որտեղ ունենք ներուժ»: ՀՀ կառավարության ղեկավարը փաստել է, որ զգալի արդյունքներ են արձանագրում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Այս բնագավառում, վարչապետի խոսքով, պետության և մասնավորի համագործակցությունն օպերատիվ է, չկա որևէ խնդիր, որը չքննարկվի: Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառում կան ուղղություններ, որտեղ աշխարհում Հայաստանն ունի իր ուրույն տեղը: Այդ առումով, Տիգրան Սարգսյանին հաճելիորեն զարմացրել է «Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլի ելույթը, ըստ որի՝ աշխարհում չիպերի դիզայնի արտադրության բնագավառում Հայաստանն ունի հինգ տոկոս մասնաբաժին: Դա, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, երկու անգամ ավելին է, քան մեր երկրում արտադրվող կոնյակի տեսակարար կշիռը համաշխարհային արտադրության մեջ: Տիգրան Սարգսյանը նաև կարևորել է անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան, քանի որ վերջիններս բերում են նոր մշակույթ, միջավայր, պահանջում խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ, ստեղծում մրցակցային հավասար դաշտ։ Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, այն խոշոր անդրազգային ընկերությունները, որոնք հայտնվել են մեր երկրի շուկայում, իրենց հետ բերել են այդ փորձն ու մրցակցային նոր միջավայրը: