Աննախադեպ խոզաբուծական համալիր Հայաստանում
Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող կաթի վերամշակման արտադրամասի գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ: Այստեղ արտադրվում են Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից մթերվող մեկ տոննա կաթ : Առաջիկայում նախատեսվում է կաթի վերամշակման ծավալները հասցնել 2-3 տոննայի, ընդլայնել արտադրանքի տեսականին: Այնուհետև նախարարն այցելել է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում կառուցվող հատիկային կերերի մթերման, պահեստավորման և լիարժեք համակցված կերերի արտադրության ձեռնարկություն: Գերմանական սարքավորումներով հագեցած այս ձեռնարկությունը, որ շարք կմտնի մինչև տարեվերջ, կարտադրի տարեկան 2500 տոննա եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր բոլոր սեռահասակային խմբի կենդանիների համար, ամբողջությամբ բավարարելով վերջինիս պահանջարկը մարզում և մեծապես նպաստելով մարզի անասնապահության զարգացմանը: Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչև տարեվերջ, կունենա 200 գլուխ մայրակազմ և տարեկան կարտադրի 300 տոննա միս: Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ ( կերի արտադրությունից մինչև սպանդանոց ) ունեցող համալիրի սարքավորումները ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաև լավագույն ցեղատեսակների մայրական կազմը: Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30 մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում կգործարկվի առաջին անգամ: Տեղեկատվությունը տրամադրել է Գյուղատնտեսության նախարարությունը