«Նաիրիտը» միշտ աշխատել է վնասով. պատասխան նախկին տնօրենին
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ տնօրինությունը բարձր է գնահատում ընկերության բիզնես ծրագրերի աջակցությանն ու զարգացմանն ուղղված ցանկացած քննարկում: Սակայն, ի պատասխան երեկ` 25.03.14թ., ՀՅԴ կազմակերպած լսումների ժամանակ Նաիրիտի նախկին տնօրեն Կ. Իսրայելյանի կողմից հնչեցված այն պնդումի, թե` «…կաուչուկի շուկայական գինը 6000 դոլար է, ինքնարժեքը տարիներ առաջ 2600-2700 դոլար էր, այս ընթացքում գազի գինն աճել է ընդամենը 2 անգամ: «Աղբյուրները կան, սարքավորումները կան, մասնագետները դեռ կան, չնչին ներդրումներով ամսական 700-1000 տոննա կարելի է արտադրել և վաճառել Ռուսաստանին: Դրա համար 15-18 մլն դոլարը լիովին բավարար է», տեղեկացնում ենք, որ այս չգիտես որտեղից վերցված «թվաբանությունը» որևէ իրական հիմք չունի: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ իր հիմնադրման պահից` 2001թ., առ այսօր աշխատել է վնասով: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ընկերության գլխավոր տնօրենը Կ. Իսրայելյանն էր (2006-2007թթ.) գործարանն աշխատել է վնասով: Դա են վկայում իր կողմից հաստատված ֆինանսական հաշվետվությունները, ըստ որոնց արտադրանքի իրացումը եղել է վնասով (համախառն շահույթ (վնաս)+իրացման ծախսեր+վարչական ծախսեր): Այդ տարիներին ընկերության համախառն շահույթը (վնաս)բացասական ցուցանիշ է ունեցել, ինչը վկայում է, որ այդ տարիներին (տարեկան կտրվածքով) թողարկված արտադրանքի ինքնարժեքը (հաշվարկված արտադրական և դրանց սպասարկող ստորաբաժանումների ծախսումներով) գերազանցել է վաճառքի գինը: Կ. Իսրայելյանն այս պահի իր գործունեությամբ ապահովում է միայն հասարակությանն ապակողմնորոշելու էժանագին շոու: Մենք ունենք և պատրաստ ենք ներկայացնել գործարանի գործարկմանն ու հետագա զարգացման ռազմավարության մի քանի սցենար և քննարկել այն կաուչուկների արտադրության և հարակից ոլորտում համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված ներդրողների հետ, որոնք կունենան լուրջ հնարավորություններ և ներդրումային դրական պատմություն` համաձայն ընդունված միջազգային պրակտիկայի: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն