«Դեմ եմ»-ի պաստառներից մի քանիսը կորել են. ով կօգտագործի դրանք (տեսանյութ)
Վաղը ՍԴ-ի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի լուռ ակցիա անցկացնել, քանի որ հարգում է այդ ինստիտուտը: «Փորձելու ենք չխոչընդոտել, ունենալու ենք պաստառներ, որտեղ գրված կլինի մեր ասելիքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանը: Լուռ ակցիան սկսվելու է ժամը 12.30-ին: Հենց այդ ժամանակ էլ ՍԴ-ն քննարկելու է Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու հարցը: Բացի լուռ ակցիայից, «Դեմ եմ»-ը վաղը այլ ակցիա չի նախատեսում. հիշեցնում է, որ այդ օրը այլ ակցիաներ են նախատեսվում, որոնց հետ իրենք կապ չունեն: Նախաձեռնության անդամ Գրիգոր Պետրոսյանն էլ հումորով ավելացրեց, որ հնարավոր է իրենց դրոշներից մի քանիսը լինեն այդ ակցիաների ժամանակ, քանի որ դրանցից մի քանիսը նախորդ ակցիայից հետո կորել են: Դավիթ Մանուկյանն ասում է, որ սա քաղաքական հարց է, սակայն իրենք չեն ցանկանում քաղաքականացնել շարժումը. «Շարժումը քաղաքացիական է, որը լուծում է քաղաքական խնդիր»: