Արմավիրի մարզը աղետալի վիճակում է
Արմավիրի մարզը հայտնվել է աղետալի վիճակում։ Մարզի ամբողջ տարածքում տեղացած ձյունը վնասել է հիմնականում կորիզավոր պտղատեսակները։ Մարզին մեծ վնաս է հասցվել՝ ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու գրեթե 90 տոկոսով ցրտահարվել։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը։
Տեղացած ձյունը չփոխեց ջերմաստիճանը և չկանխեց ցրտահարությունը՝ նշում է
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը։ Նա վստահեցնում է՝ ձյունը բացասաբար ազդեց. «Փոշոտումն արդեն եղել էր, էդ ժամանակ ավելի վատ, մատղաշ պտուղները հնարավոր չէր փրկվել»,- նկատում է Այվազյանը։
Նրա խոսքով՝ ձյան ծածկույթը հողին անհրաժեշտ տաքություն չապահովեց ուժեղ քամու պատճառով։
Մասնագետը նշում է, որ եթե ցուրտը տևում է 4-5 ժամ. եթե -5 և ավելի ջերմաստիճանը պահպանվում է 10 ժամից ավելի, արդեն ոչինչ անել հնարավոր չէ։
Մարզի գլխավոր գյուղատնտեսի ներկայացմամբ՝ ցրտահարության վնասի չափը պարզ կլինի մի քանի օրից, երբ ջերմաստիճանը տաքանա, ու ցրտահարված ծաղիկները սկսեն սևանալ։
Այվազյանը նաև հայտեց, որ ջերմոցային տնտեսությունները մասամբ են տուժել։
Արմավիրի մարզի գյուղատնտեսության վարչության պետը շեշտում է, որ եթե այս գիշեր ջերմաստիճանը հողի մակերևույթին, ըստ կանխատեսվածի, - 6-ից – 7 լինի, հնարավոր չի լինի փրկել նույնիսկ մնացած ծառատեսակները։
Չկանխատեսված ձյան հարցում մարզի գլխավոր գյուղատնտեսը մեղավորներ չի փնտրում։
