Հնարավոր կլինի ընդունվել բուհ՝ առանց միասնական քննության (տեսանյութ)
Այս տարի ընդունելության համակարգում կկիրառվի առանց միասնական քննություն հանձնելու բուհ ընդունվելու մեխանիզմը։ Այսօր հայտարարեց ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը։ Ընդունելությունը կազմակերպվում է Ագրարային համալսարանում՝ 23 մասնագիտությունների գծով. «Դիմորդը հայտը կներկայացնի հենց տվյալ բուհ, ոչ թե ԳԹԿ։ Այնտեղ կհանձնի մեկ քննություն, իսկ մնացած առարկաների գնահատականները կանցնեն ատեստատից»։ Պարոն Նասիբյանը նշում է, որ նման որոշման պատճառը տվյալ մասնագիտությունների գծով թափուր տեղերն են։ Ինչ վերաբերում է այս տարի միասնական քննություն հանձնող դիմորդներին, ապա ԳԹԿ արդեն դիմել է 12346 հոգի։Այս թիվը մոտ 1500-ով պակաս է` նախորդ տարվա համեմատությամբ: Գնահատման և թեսթավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը կարծում է, որ դիմորդների թվի նվազումը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախ` մեծացել է միջին մասնագիտական ուսումնարաններ, քոլեջներ դիմողների թիվը եւ երկրորդ` շրջանավարտների մի զգալի մասը նախընտրում է ոչ հայաստանյան բուհերը։ Ըստ պարոն Մելիքյանի՝ սա լուրջ ահազանգ է մեր բուհերի համար. «Ոլորտի պատասխանատուները պետք է զբաղվեն մեր բուհեր կրթության որակի էական բարելավման ուղղությամբ»։ ԳԹԿ տնօրենը նաեւ հավաստիացրեց, որ այս տարի եւս աշխատանք է տարվում, որպեսզի թեսթերը հասանելի լինեն գրեթե բոլորի համար, բայց միեւնույն ժամանակ պետք է պահպանվի բարդության մակարդակը. «Թեսթը պետք է ունենա այնպիսի բարդություն, որ միջինում հավաքեն 13-16 միավոր։ Շատ քիչերը հավաքեն բարձր միավորներ ու շատ քչերը կտրվեն քննությունից»։ Գագիկ Մելիքյանի հավաստմամբ ՝այս տարի թեսթերում չեն լինի նաեւ խճողված ու վիճարկային հարցեր։ Դրանք արդեն քննարկվել են. «Մինչեւ այսօր էլ գալիս են մեզ առաջարկներ, որ այս կամ այն հարցը թեսթում չլինի։ Անցած տարի նման հարց չի եղել, այս տարի էլ մենք բացառում ենք, որ կլինեն նման հարցեր։ Կրիմինալ չի, որ շտեմարանում թերություն է լինում։ Ցանկացած գրքում կարող է վրիպակ լինել, բայց կարեւորն այն է, որ դրանք հայտնաբերվում են ու չեն հայտնվում թեսթում»։