Կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացել է. այն դատավճիռ չէ (տեսանյութ)
Բժիշկներն ահազանգում են՝ կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացել է։ «35 տարեկանից բարձր կանայք պետք է անպայման տարին մեկ անգամ դիմեն բժշկի`անցնելու համար մամոգրաֆիկ հետազոտություն և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման թեսթ»,-հիշեցնում է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Տիկին Հակոբյանը ցավով է նկատում, որ կանայք հիմնականում բժշկի դիմում են այն դեպքում, երբ հիվանդության բուժման հավանականությունը արդեն քիչ է լինում. «Խուսափում են դիմել բժշկի ոչ թե ֆինանսական պատճառներով, այլ ուղղակի վախենում են: Վախենում են հետազոտությունից հետո այս կամ այն գոյակցության հայտնաբերումից և մտածում են, որ դա դատավճիռ է: 21-րդ դարում քաղցկեղի հետազոտությունը չի կարող դատավճիռ լինել, հատկապես, երբ հիվանդությունը սաղմնային փուլում է և վտանգ չի ներկայացնում»: Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրենը նկատում է, որ քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում բավականին մատչելի է, պակասում է միայն մարդկանց հետևողական վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ. «Մեր կենտրոնում կան այնպիսի սարքավորումներ, որոնք շատ թանկ արժեն ու շատ արդյունավետ են աշխատում, բացի այդ, մեր բժիշկները վերապատրաստվում են Ամերիկայում և իրենց գործի վարպետներ են: Կանանցից պահանջվում է միայն որոշակի գումար և հետազոտվելու ցանկություն: Պետք է նաև ուրախությամբ նկատեմ, որ վերջին շրջանում մեծացել է երիտասարդ կանանց հոսքը: Կենտրոն այցելող կանանց մոտ 30 տոկոսը երիտասարդներ են, ովքեր ուղղակի ցանկություն են հայտնում հետազոտվելու ու տեղեկանալու սեփական առողջական վիճակի մասին»,-նշեց նա: