Թուրքիայում հանքի պայթյունի զոհերի թիվն անցել է 200-ը
Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 201-ի։ Հարյուրավոր հանքափորներ դեռևս արգելափակված են փլատակների տակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Վթարը տեղի է ունեցել երեկ Թուրքիայի արևմուտքում գտնվող Սոմա քաղաքի հանքում՝ Ստամբուլից մոտ 250 կմ դեպի հարավ։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պայթյունի պատճառ է դարձել կարճ միացումը։ Նրա խոսքով՝ պայթյունի պահին հանքում եղել է 787 մարդ։ Ներկայում հայտնի է միայն 360 հանքափորի ճակատագիրը. այդ թվում են նաև զոհվածները։ Փրկարարներն աշխատել են ողջ գիշեր՝ փորձելով դուրս բերել հանքափորներին։ Առավոտյան փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Զոհերի մեծ մասը մահացել է ածխածնի օքսիդի թունավորումից։ Փրկարարները թթվածին են ներմղում հանք, որպեսզի փրկեն ողջ մնացածներին։ Հանքափորների շատ բարեկամներ հավաքվել են հանքի մուտքի և հիվանդանոցի մոտ, ուր տեղափոխում են վիրավորներին։