«Շտեմարաններում սխալներ չկան, բայց նենգություններ նկատվում են» (տեսանյութ)
Այս տարի բուհական ընդունելության քննություններն արտառոց չեն եղել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Կրթական ոլորտի մասնագետները: Հայոց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցչուհի Բեատրիչե Ստեփանյանը նկատեց, որ քննական թեսթերում սխալներ չեն հայտնաբերվել, չնայած, որ նենգություններ եղել են: «Ինչո՞ւ պետք է հարց տան, թե տրված նախադասություններից քանիսն են սխալ փոխակերպված, ո՞րն է ճիշտը, որը ճիշտ չէ: Նույն հայերենը չի՞: Ինչո՞ւ երեխայի համար այնպիսի պահ ստեղծել, որ ընտրի որն է ճիշտը, առանց նայելու սխալը: Կամ նշված քսան բառերից առանձնացնել գոյականը եւ ածականը: Հիմա աշխատավորը եւ գոյական է, եւ ածական: Եթե տեքստում տան, դիմորդի համար ավելի հեշտ կլինի, իսկ բառերից ընտրելը, իհարկե նենգություն է»,-օրինակներ բերեց տիկին Ստեփանյանը: Փորձագետ Սուսաննա Աբազյանն էլ նշեց, որ քննությունը չպետք է ընկալել որպես հանրապետական մակարդակի միջոցառում. «Քննությունը գիտելիքի ստուգում է: Հայերենի քննությունը ամեն տարի հոգեբանական մի բան է դառնում, այս շտեմարանները պետք է ոչ թե վաճառվեն, այլ 5,500 հարցը դարձնել 3,5000 հարց եւ տեղադրել համացանցում, իսկ հեռավոր շրջանների երեխաների համար պետպատվերով տպել: Զարմանում եմ՝ կարելի՞ է այդքան գումար ծախսել եւ տանել Անգլիայում տպել, որպեսզի ոչ ոք չիմանա պատասխանները: Հայերենը դիմորդների համար փորձաքար է, եւ այդ քննությունից տապալվածները մյուս քննություններին գնում են հիասթափված: Հայերենը պետք է լինի տոն բոլորի համար: Եվ ասեմ, որ այս շտեմարաններից ոչ մեկը չի ծառայում հայոց լեզվի զարգացմանը: Շտեմարանը դադարել է գիտելիք տալ»: