Հայ արտադրողները տուժում են ռուսական սանկցիաներից
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների հետեւանքով հայկական արտադրողները օրեկան մոտ 4 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ են կորցնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Գինեգործների միության նախագահը նաեւ տեղեկացրեց, որ եթե նման կերպ շարունակվի, եւ ռուսական ռուբլին չկայունանա, ապա Հայաստանի տնտեսությունը լուրջ վնասներ կկրի։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբեր-դեկտեմբերին սովորաբար նկատվում է Հայաստանի ալկոհոլի շուկայում արտահանման աճ, սակայն այսօր այդ աճի տեմպերը կասկածի տակ են դրվում։ Ռուսաստանի Դաշնությունում դոլարի արժեզրկումը բերել է նրան, որ այն սուբյեկտները, որոնք արտահանում էին ռուբլով, հիմա չեն ցանկանում վաճառել, իսկ այն սուբյեկտները, որոնք դոլարով են վաճառում, չեն կարողանում գումար ստանալ։ «Եթե մեր գործընկերը չի կարողանում մեզ վճարել արժույթով, պետք է փորձենք տեղը ստանալ ապրանք։ Դա կարող է լինել շիշ, կարող է լինել պիտակ, ստվարաթուղթ, շաքարավազ։ Սրանք անհրաժեշտ ապրանքներն են, որոնց բացակայության դեպքում արտադրությունը կկանգնի»,- ասաց նա։ Սակայն կառավարության հետ դեռ քննարկում տեղի չի ունեցել։ Միաժամանակ Ավագ Հարությունյանը համոզված է, որ պետք է այնպիսի շուկաներ գտնել, որոնք զերծ են վայրիվերումներից։ Ի դեպ, խաղողի մթերումն այս տարի արդեն ավարտվել է։ Այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, մթերվել է 183 հազար 981 տոննա խաղող, որը նախորդ տարվանից ավել է 10 տոկոսով։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում արտահանվել է 1 մլն 300,000 լիտր գինի։ Արտահանված գինու արժեքը կազմում է 4 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ գումարը ավելացել է 1 մլն-ով։