Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայռուսգազարդ»-ի 25 տոկոսի վաճառքն իրականացվել է առանց աուդիտի (տեսանյութ)

Տնտեսություն
aj2

Գազի հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը, մինչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին ձայն տալը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անընդհատ լեզվի սայթաքումներ էր թույլ տալիս ու գազի հանձնաժողով ասելու փոխարեն, ասում՝ գերեզմանոցներ: Պատգամավորները կամաց-կամաց սկսեցին լքել դահլիճը: «Գերեզման բառը լսեցիք, սկսեցիք գնա՞լ: Գնալիս հանգիստ գնացեք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Անցնելով հարցուպատասխանին՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարեւորագույն խախտում են գտել: Վարդան Այվազյան. «Խնդիրը կարեւորագույն է, թե ոչ, կախված է՝ ինչ աղմուկ կբարձրացնենք»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց «Հայռուսգազարդ»-ի 25 տոկոս մասնաբաժնի վաճառքից, որի մասին հաշվետվության մեջ նշված է, որ աուդիտի չի ենթարկվել: Պարոն Այվազյանը հայտարարեց, որ եղել է բանակցային գործընթաց ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ: Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ Վարդան Այվազյանը սխալ հասկացավ իրեն՝ իր հարցի էությունն այլ էր: «Ես շատ լավ հասկանում եմ՝ ձեր հարցը քաղաքական է: Ես էլ որպես քաղաքական անձ կպատասխանեմ՝ ունենք քաղաքական մեծամասնություն, որը քննարկում է ու ասում, որ գազի գինը բարձրանալու է, պետք է հետեւյալ որոշման գանք: Դուք հարցնում եք՝ երկրի վարչապետն իրավունք ունե՞ր գնալ բանակցելու ՌԴ կառավարության հետ, ես էլ ասում եմ՝ այո, ուներ այդ իրավունքը»,- հայտարարեց Վարդան Այվազյանը: