«Երկրում ոչ մի ցենտ չի կարող շարժվել առանց Սերժ Սարգսյանի գիտության» (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկմանը իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց փաստաթուղթը: Ըստ նրա՝ այդ զեկույցի մեջ սպառողների համար ոչ մի լավ լուր չկա, իսկ վատ լուր՝ ինչքան ուզես. «Հայ սպառողները քսան մլն դոլար վճարում են կորած գազի համար, իսկ դա բացատրվում է տեխնիկական խնդիրներով: Կորուստները ակնհայտորեն մեծ են ու ոչ մի ներդրում չեն արվել՝ դրանք կրճատելու համար: Նշանակում է՝ դա ինչ-որ մարդկանց համար ձեռնտու է ու կոնկրետ մարդկանց գրպանն է գնում: Կալորիականության խնդիր կա՝ ի՞նչ կալորիա ունի մեր տուն մտնող գազը, չկա նման ոչ մի հաշվարկ: Արդյունքում մարդիկ պետք է հավատան իրենց տեսածին՝ մի թեյնիկ ջուր եռացնելը հիմա ավելի երկար է տեւում, քան առաջ: Դա նաեւ հաստատվել է հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում»: Պարոն Փաշինյանը խոսեց նաեւ սպառողների շահերի, իրավունքների մասին՝ նշելով, որ այդ առումով խայտառակ իրավիճակ է. «Հաշվիչները սխալ են հաշվարկում: Դրանց ստուգաչափումն իրականացնում է այն մարմինը, որը վաճառում է: Այս ամենը այլ կերպ, քան թալան, հնարավոր չէ ասել: Բա թալանն էլ ո՞նց է լինում. կարո՞ղ է ձեր պատկերացմամբ թալանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները ու դիվանը մի ծերից մեկն է բռնում, մյուսից՝ մեկը ու տանում են: Եթե տարեկան բոլոր բնագավառներում եղած թալանները գումարենք, կտեսնենք, որ միլիոն էլ չէ, միլիարդ դրամ: Հետո էլ պարծենում են, թե ՌԴ-ի հետ շահավետ պայմանագիր են կնքել: Ռուսն էլ տենց փափախով թուրք էր, ու դուք էլ տենց շուստրի եք, կարողացել եք խաբել իրեն: Էդ նույնն է, որ փողոցում մեկի շալվարը հանում եք, ասում եք՝ այն հիսուն դրամ արժե, երեք հարյուրով ենք վաճառելու, դու մի մտածի: Դա մարդու համար մխիթարա՞նք է, մարդն առանց շալվարի է մնում, չէ՞»: Պատգամավորների մի մասը լուռ ծիծաղում էր Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, մի մասն էլ՝ հազիվ զսպում ծիծաղը: «Հանձնաժողովի հաշվետվության տողատակերում նշված խնդիրների մասին Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը ոչ միայն վաղուց գիտեն, այլեւ անձամբ են կառավարում. երկրում ոչ մի ցենտ չի կարող շարժվել առանց Սերժ Սարգսյանի գիտության»: «Վատաբանելը միշտ էլ տհաճ է, մի քիչ կոռեկտ եղեք: Քննադատելու շատ բաներ կա, մենք էլ ենք քննադատում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նրա տրամադրությունը կտրուկ ընկավ: