Մանրամասներ էլեկտրաԷներգիան 40.8 %-ով թանկացնելու առաջարկից
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագների վերանայման հայտեր է ստացել էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններից, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողներից։ Ըստ ներկայացրած հայտերի՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, օրինակ, գործող սակագնի՝ 5.726 դրամի փոխարեն առաջարկում է 3 դրամ բարձրացում՝ դարձնելով 8,658 դրամ։ «Միջազգային էներգետիկ կորպորացիան» կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար առաջարկում է 2 դրամից սակագինը դարձնել 5 դրամ, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը» 8 դրամ թանկացում է առաջարկում՝ 1 կվտ/ժ-ի համար, «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ին պատկանող «Հրազդան-5» կայանը 2 դրամ բարձրացում է առաջարկում, 1 դրամ թանկացում էլ առաջարկում է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը»։ Նշենք, որ ընկերությունները Հանձնաժողովին են ներկայացրել իրենց գնային առաջարկները հիմնավորող փաստաթղթեր։ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն, ներկայացրած հայտում, սակագնի բարձրացման համար բերում է մի շարք հիմնավորումներ։ Ընկերության կողմից արտադրական նշանակության նյութական ծախսերը առաջարկվում է դարձնել 103.1 մլն դրամ՝ նախորդից 75 մլն-ով ավելի, նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում։ 790 աշխատողի աշխատավարձը կբարձրանա 229.5 մլն դրամով։ Ատոմակայանն առաջարկում է նաև մեծացնել ծախսերը աշխատակիցների հանդերձանքի, բանկային փոխանցումների, կոմունալ տնտեսության, վարկերի սպասարկման համար սահմանված ծախսերը։ Նախորդ տարվա համեմատ էլ 100 մլն դրամով ավելի գումար է անհրաժեշտ ընկերությանը՝ աշխատակիցների ապահովագրության համար։ ՀԵՑ-ն այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով սպառողներին մատակարարվող 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանել 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը` 48 դրամ 93 լումա: Այժմ գործում է հետևյալ սակագները՝ 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի համար 41 դրամ 85 լումա է (ցերեկային) և 31 դրամ 85 լումա (գիշերային): Թանկացումը կազմում է 17 դրամ, այսինքն՝ Հանձնաժողովի կողմից ընկերությունների առաջարկներն ընդունելու դեպքում՝ էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 %-ով։ Ավելացնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն սկսել է հայտերի ուսումնասիրության գործընթացը: