Լեւոն Արոնյանը ընդգրկվել է գերհզորների շարքում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին լուրջ փորձություն է սպասվում առաջիկա երկու շաբաթում: Մեր գրոսմայստերը հրավիրվել է մասնակցելու նորվեգական Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերհզոր մրցաշարին: Բավական է նշել, որ նրա մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի 2-րդ շախմատիստ Ֆաբիանո Կարուանան, առաջին տասնյակում գտնվող Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե Լագրավը, որը 12-րդն վարկանիշով: Մրցաշարի միակ ետնապահը նորվեգացի գրոսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերն է, ով ՖԻԴԵ-ի աղյուսակում զբաղեցնում է 75-րդ տեղը: Մրցաշարը կանցկացվի մեկ շրջանով: Հաղթողը կստանա 75 հազար դոլար պարգեւավճար, իսկ վերջին չորս տեղերը` 15-հազարական: Այսօր կազմակերպիչները կանցկացնեն բլից մրցաշար, որի արդյունքներով կորոշվեն մասնակիցների համարները եւ կկազմվի հիմնական խաղացանկը: Լեւոն Արոնյանը առաջին տուրում սեւերով կմրցի Համերի հետ, ապա կհանդիպի համապատասխանաբար Գիրիի, Վաշյե Լագրավի, Կարուանայի, Կառլսենի, Տոպալովի, Անանդի, Նակամուրայի եւ Գրիշչուկի հետ: