Սպենդիարյանին խորհրդանշող ջութակը՝ ասեղի անցքում
«Ջութակ՝ասեղի անցքում» եւ «Ալեքսանդր Սպենդիարյանը՝դիրիժոր»։ Սրանք միկրոքանդակներ են, որոնք այսօրվանից ցուցադրվում են Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում։ Աշխատանքների հեղինակը՝ աշխարհահռչակ միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի թոռն է՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։ 70-ից ավելի միկրոքանդակների հեղինակին միայն հանգստություն է պետք՝ նմուշներ ստեղծելու համար. «Աշխատանքներով սկսել եմ զբաղվել 2009 թվականից։ Չէի պատկերացնում, որ միկրոքանդակագործությամբ կզբաղվեմ։ Նպատակը՝ հաջորդ սերունդներին արվեստի այս ճյուղը փոխանցելն է։ Միկրոքանդակագործությունը հանրայնացված չի, եւ շատ քչերն են սրանով զբաղվում։ Ես սիրողական ոչինչ չեմ անում։ Եթե մի բանով զբաղվում եմ, ապա՝լուրջ։ Որոշում կայացրի, որ միկրոքանդակագործությամբ պետք է զբաղվեմ։ Ամեն ինչ դրեցի մի կողմ ու դրանով զբաղվեցի։ Պապս ամենակարեւոր գիտելիքները փոխանցել է։ Շատ բաներ էլ գրի է առնված։ Դեռ շատ գործեր կցուցադրեմ»,-ասաց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը։ Նրա պապը՝ Էդուարդ Տեր-Ղազարյանը առաջինն էր, ով միկրոքանդակագործության մի նոր ուղղություն՝շարժական միկրոաշխատանքներ ստեղծեց։ Մեր այն հարցին, թե մինչ այսօր ոչ մեկին չի հաջողվել կրկնօրինակել շարժական միկրոաշխատանքեր, արդյո՞ք թոռանը հաջողվել է միկրոքանդակագործության հիմնադրի աշխատանքները նմանակել, Էդուարդ Տեր-Ղազարյանը պատասխանեց. «Ես այս պահին աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ստատիկ միկրոքանդակների ցանկացած միտք կարող եմ իրականացնել, բայց շարժականը ժամանակ է պահանջում։ Ինչ-որ բան ստացվում է, դեռ պատրաստի ոչինչ չունեմ, սակայն կլինեն»։ «Եվրոպական ժառանգության» օրեր ամենամյա միջոցառման շրջանակում՝ երկու միկրոքանդակի ցուցադրման բացմանը ներկաներից լրագրող Թերեզա Կասյանը միկրոքանդակների սիրահար է։ Նա հիշում է. «Երբ դպրոցական էի Աբովյան փողոցի վրա կար միկրոքանդակի թանգարան, եւ այսօրվա հերոսի պապիկի գործերն էին ցուցադրվում։ Տեղը շատ լավ գիտեինք ու միշտ այցելում էինք։ Շատ տպավորիչ էր, ֆանտաստիկ գործեր կար։ Կարծում եմ, որ ե՛ւ երեւանցիների, ե՛ւ հյուրերի համար շատ հետաքրքիր կլիներ, եթե նման թանգարան վերաբացվի։ Մեր քաղաքը դրանով միայն կհարստանա։ Ուրախ եմ, որ պապու գործը շարունակում է թոռը, քանի որ հին գործերին կավելանան նոր գործեր եւ կարեւոր է, որ դրանց համար նախատեսված վայր լինի։ Պետությունը այդ գործին պետք է տեր կանգնի, որպեսզի նման թանգարան լինի»։ Ալ. Սպենդիարյանին խորհրդանշող ջութակը՝ ասեղի անցքում եւ Ալեքսանդր Սպենդիարյանը՝դիրիժոր միկրոքանդակները իրենց ուրույն տեղը գտան Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում։