Սերբերը ցանկացել են ձախողել Ալբանիա - Սերբիա ֆուտբոլային խաղը
Ալբանիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագուն` Ուլիսես Ադեմին, հայտարարել է, որ իրեն խոշոր գումար են առաջարկել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Ալբանիա – Սերբիա խաղը ձախողելու համար: «Մի քանի օր առաջ Իտալիայում ապրող սերբերն ինձ 50 հազար եվրո են առաջարկել, որպեսզի ես խաղի ժամանակ մտնեմ դաշտ եւ ընդհատեմ հանդիպումը: Ես նրանց մերժել եմ, քանի որ անչափ սիրում եմ իմ երկիրը: Բացի այդ մենք լուրջ թակարդ ենք պատրաստել Սերբիայի հավաքականի համար» - ասել է Իտալիայում բնակվող ալբանացի ֆուտբոլասերը: Հիշեցնենք, որ երկու երկրների հավաքականների առաջին հանդիպումը անավարտ էր մնացել այն բանից հետո, երբ անօդաչու սարքով խաղադաշտ էր իջեցվել Ալբանիայի դրոշը եւ սերբ ֆուտբոլիստներն այն պոկել եւ նետել էին գետնին: Ի դեպ, Ուլիսես Ադեմին նման եղանակով արդեն մեկ անգամ ընդհատել է ֆուտբոլային հանդիպում. անցած տարի կայացած Իտալիա – Ալբանիա ընկերական խաղին նա ալբանական դրոշով մտել էր խաղադաշտ: Նշենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի վերջին խաղում հանդիպելու է հենց Ալբանիայի ընտրանու հետ: Այն կկայանա հոկտեմբերի 11-ին, Երեւանում: