Ապօրինի անտառահատումներից հետո պաշտոնանկություններ են եղել (տեսանյութ)
Ապօրինի անտառահատումները շարունակվում են: Բնապահպաններն ահազանգում են, որ վիճակն անմխիթար է հատկապես Լոռվա և Տավուշի մարզերում: «Փայտն ունի պահանջարկ, որպես վառելանյութ առաջին հերթին՝ կապված էներգակիրների գների բարձրացման հետ և, բնականաբար, այդ պահանջարկը պետք է ապահովվի ինչ-որ ձևերով: Գյուղացիները, որոնք այդ ծառերը հատում են, իրենք չեն դրա գլխավոր կազմակերպիչները կամ իրականացնողները, այլ կա ավելի լուրջ համակարգ, որը զբաղվում է ապօրինի անտառահատումներով և հետո որպես վառելափայտ դրանք իրացնելով»,-շեշտում է «Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լևոն Գալստյանը: Բնապահպանության նախարարությունն ընդունում է, որ ապօրինի անտառահատումների դեպքերն ավելացել են, սակայն չի կիսում բնապահպանների այն տեսակետը, որ դա համակարգված բնույթ է կրում: «Ա1+»-ի հետ զրույցում Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը նշում է հետևյալը. «2015թ-ի 9 ամիսների կտրվածքով մեր կողմից հայտնաբերված ապօրինի ծառերի հատման քանակը կազմում է 1934 ծառ, իսկ ամբողջ տարվա համար 2014թ-ին այդ թիվը եղել է 1744 ծառ: 9 ամիսների ընթացքում բնությանը պատճառած վնասների չափը 2015թ-ին կազմել է 109 միլիոն 901 հազար դրամ , որը ենթական է գանձման պետբյուջե , իսկ 2014 թ-ի տարեկան կտրվածքով բնությանը պատճառած վնասի թիվը կազմել է 106 միլիոն 500 հազար դրամ»: Նախորդ ամիս համահայկական բնապահպանական ճակատի անդամները շրջայցեր են իրականացրել Կապանի անտառտնտեսության տարածքում: 15-20 րոպե տևած շրջայցի ընթացքում հայտնաբերվել են ապօրինի հատված 70 ծառ : Ահազանգել են պետական մարմիններին, որոնց ստուգայցերի արդյունքում էլ հայտնաբերվել է 150 ապօրինի ծառահատում: Հարուցվել է քրեական գործ: «Աշխատանքից ազատվել է անտառապետը, ազատվել է անտառապահը, իրավապահ մարմիններն իրականացնում են մնացյալ աշխատանքները»,-նշում է Գյուղնախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: «Հայաստանի անտառների հասարակական մոնիթորինգ ծրագրի» 2-րդ փուլի շրջանակներում ձևավորվել են բնապահպանների շարժական դաշտային խմբեր, որոնք տեղերում կիրականացնեն ապօրինի անտառահատումների մոնիթորինգ՝ իրենց արձանագրած տվյալները պետական տվյալների հետ համեմատելու համար: Մանրամասները՝ տեսանյութում