Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 տարեկան երեխային ստիպված են տանել առաջին դասարան (տեսանյութ)

Հասարակություն
anapahov-nkar

Վարսենիկ  Աբգարյանը ամեն առավոտ գլուխը կախ է գնում խանութ հաց բերելու: Հեշտ չէ մշտապես պարտքով մթերք խնդրել: Սակայն երբ հիշում է իրեն տանն սպասող երեխաների մասին, քայլերն արագացնում է: «Այս ամիս էլի պարտքով ենք բերում հացը, որ երեխեքը սոված չմնան: Ամսվա վերջ ամուսինս ստանում տանում փակում է, որ չտանք՝ մեզ էլ պարտքով հաց չեն չեն տա, երեխեքը սոված կմնան»,- ասում է նա: Եղվարդ քաղաքի մի  անշուք բնակարանում վարձով է ապրում Աբգարյանների բազմանդամ ընտանիքը: «Մի նպաստ է՝ 55000 եմ ստանում, ամուսինս էլ ստանում է 50000 դրամ գումար, դա էլ մեր պարտքերն ենք վճարում՝ երեխեքին սնունդի, տետրի գումարները, հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում»,- նշում է հինգ երեխաների մայրը: Վարսենիկը  չի հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է երեխաների  համար նոր հագուստ գնել: Չնայած դրան՝ կարողանում է այնպես անել, որ մանկապարտեզ ու դպրոց հաճախող երեխաները շատ չտարբերվեն ընկերներից: «Կարևորը հագուստը մաքուր լինի, կեղտոտ չլինի, երեխուն թուքումուր չտան, ինձ թուքումուր չտան: Մեկը մեկի հագուստով յոլա են տանում, հարևաններն էլ որ տալիս են, ես չեմ զլանում, վերցնում եմ հագուստը. ոչ մեկ չիմացավ՝ գնեցի՞, թե՞ ուրիշի շոր հագան»: Գումար չլինելու պատճառով երեխաները կես մանկություն են ապրում, ասում է Վարսենիկը: Խնդիրների այսպիսի առատության պայմաններում դժվարությունների պակաս չի լինի նաև ձմռանը: «Ալյուր չենք առել երեխեքին, կոշիկ չունեն երեխեքը, ձմեռվա կարտոշկա չենք առել, սոխ պարտքով եմ վերցրել, որ այդ գումարը նպաստին տամ»: Երեխաներից ավագները, որոնք 10 տարեկան են,  հաճախել են Եղվարդի խնամքի կենտրոն, բայց մայրը դժգոհ է մնացել նրանց կրթության մակարդակից։ «Հիմա նորից առաջին դասարանի երեխեքի հետ պետք է նստեն առաջին դասարան՝ տառերը սովորեն»: Չնայած այս ամենին, Վարսենիկը վստահ է՝ ամեն դժվարություն անցողիկ է, բարեկեցիկ կյանքի  հույսը երեխաներն են: