Նոր քաղաքականություն՝ ներառական բարձրագույն կրթության համար (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ ներառական բարձրագույն կրթության քաղաքականության վերաբերյալ նախագծի շնորհանդեսը: Նախագիծը կազմվել է «Ունիսոն» ՀԿ-ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Սույն նախագիծը նպատակ ունի բարելավել Հայաստանի բարձրագույն կրթության մատչելիությունը և ներառականությունը հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ տվյալ նախագիծը մշակվել է ոչ միայն զուտ ֆիզիկական մատչելիությունը գնահատելու համար: «Բոլորս էլ լավ գիտենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք բուհերում մատչելիություն չունեն, բացառությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի: Այդ իսկ պատճառով մենք շեշտը դրել ենք ընդհանուր ներառականությունը, ընդհանուր մատչելիությունը լայն իմաստով հաշվի առնելու վրա, քանի որ դա ոչ միայն անխոչընդոտ մուտքնուելքն է որևէ բուհ, այլև կրթության ծրագրային կառուցվածքը, մասնագետների առկայությունը, անհրաժեշտ շտկումների մասին գաղափար ունենալը և այլն: Մենք իրականացրեցինք գնահատում՝ ներառելով պետական, միջպետական և մասնավոր 29-ը բուհերի՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից և ըստ արդյունքների տեսանք, որ բոլոր ուսանողների մեջ հաշմանդամություն ունեցող ուսանողների թիվը ընդամենը 1% է, ինչը, բնականաբար, շատ մտահոգիչ ցուցանիշ է: Իսկ բուհական առկա վիճակագրության մեջ 16,5% -ի մոտ անհայտ է հաշմանդամության խումբը և գրեթե 50%-ի մոտ անհայտ է հաշմանդամության տեսակը»,- իր ելույթում շեշտեց Արմեն Ալավերդյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ 5 փուլից բաղկացած այդ նախագիծը սահմանում է բուհի պատրաստակամությունը ապահովել բուհի ներառականությունը հաշմանդամություն ունեցող ուսանողների և աշխատակազմի համար, այդպիսով խթանելով նրանց լիարժեք մասնակցությունը բուհական բոլոր գործընթացներում: Առաջիկայում այս նախագիծը ներկայացվելու է տարբեր բուհերի, որպեսզի ընդունեն իրենց առաջարկած քաղաքականությունը և ամրագրեն նաև իրենց կանոնագրքերի մեջ: