Հրանտ Մելքումյանը մեդալ չնվաճեց իր վարկանիշի պատճառով
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Ֆրանսիայում ավարտված միջազգային մրցաշարում միայն լրացուցիչ հաշվարկներով մրցանակային տեղ չգրավեց: Կապ դ’Ագդեում անցկացվող ավանդական օփենում մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ եւս հինգ շախմատիստներ, այդ իսկ պատճառով հաղթողին եւ մրցանակակիրներին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ հաշվարկներ անել: Ի վերջո մրցաշարի հաղթող հռչակվեց ֆրանսիացի Քրիստիան Բաուերը: Հրանտ Մելքումյանը համակարգչի հաշվարկներով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ ետ մնալով բրոնզե մեդալակիր, ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Ֆեդորչուկից, ընդամենը 22 վարկանիշային միավորով: Մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան, որն այժմ ներկայացնում է Ուկրաինան, վեց միավորով զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը: