Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչև 2018-ը, հնարավոր է, մասնավոր բուհեր փակվեն (տեսանյութ)

Հասարակություն
Buher-nkar

Մինչև 2018 թիվը հայաստանյան բոլոր բուհերը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն։ Հավատարմագրման այս ձևը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է։ Դրան հաջորդում է ծրագրային հավատարմագրումը։ «Ուշադրություն է դարձվում կրթական հաստատությունների դասախոսական կազմին, շենքային պայմաններին, դասավանդման համար նախատեսված նյութերին և այլն»,-նշեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Հավատարմագրման գործընթացն արդեն իսկ բարեհաջող անցել է 16 բուհ, ևս 4-ինը՝ ընթացքի մեջ է։ Որո՞նք են այդ չորս բուհերը. «Գյումրիի մանկավարժական և Մովսես Խորենացու անվան համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ԳԱԱ գիտակրթական կենտրոնը»,-մանրամասնեց ՄԿՈԱԱԿ ղեկավարը։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե ինչ է լինելու մասնավոր բուհերի ճակատագիրը, պարոն Թոփչյանը նշեց. «Քանի որ մինչև 2018-ը բոլորը պետք է հավատարմագրվեն, հիմա մենք պայքարում ենք, որ լինեն հետևանքներ։ Ոչ մի կարգում գրված չէ՝ պետք է փակվեն, թե ոչ։ Այլ երկրներում ընդունելությունը կանգնեցվում է, այսինքն՝ եղած ուսանողները շարունակում են կրթությունը մինչև վերջ, բայց նոր ընդունելություն այլևս չի լինում։ Կարծում եմ՝ մեզ մոտ էլ այդպես կլինի։ Սակայն դեռ կառավարությունը նման կարգ չի սահմանել»։