Սասունի ու Մուշի 27 ընտանիքի պատմությունները՝ մեկ գրքում (տեսանյութ)
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ 64-ամյա Հենզել Եղիազարյանը նախնիների մասին հուշերն ու պատմություններն ամփոփել է «Վերածնության հրաշքը Ներքին Բազմաբերդում» գրքում: «Տեղ են գտել մեծերը ամբողջովին, որոնցից և ոչ մեկը այսօր չկա, թե ինչպես են իրենք ծնվել, ինչպես են մեծացել, ինչպես են Սասունում ապրել: Սասունի մշակույթն է ներկայացված»,- ասում է նա: 20-րդ դարի 20-ականներին Սասունի ու Մուշի 27 ընտանիքներ Անդոկ լեռան վրա թուրքերի դեմ վերջին մարտը տալուց հետո ստիպված են լինում թողնել բնակավայրերն ու Անդրանիկի զորքերի հետ գալ Արևելյան Հայաստան: Այստեղ հիմնում են Ներքին Բազմաբերդ գյուղը, որի կենտրոնում այժմ վեր է խոյանում մեծերին հավերժացնող հուշարձանը՝ նախնիների տոհմածառով: «Տոհմածառի հիմքում դրված է Արևմտյան Հայաստանը, Սասնա աշխարհը և Մշո երկիրը: Մեր մեծերն են, որ էլի՛ պայքարի միջոցով կարողացան ազատագրել այս լեռնալանջի գյուղերը, որոնք նախկինում բնակեցված են եղել թուրքերով»: Հենզել Եղիազարյանի գրքում տեղ գտած բացառիկ նյութերը պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում ու լավ հիմք են կարևոր հետազոտությունների համար՝ կարծում է պատմաբան Էդիկ Մինասյանը: Ավելին՝ տեսանյութով