Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության ներկայացուցիչները ուղղորդում են ընտրողներին»

Քաղաքականություն
elections13

«Լույսը բացվել է կեղծիքներով»,- ասում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, որ ընտրախախտումների մասին շարունակում է ահազանգեր ստանալ. «Քիչ առաջ մեր նկարահանող խումբը վստահված անձանց հետ մեկնեց մի ընտրատեղամաս, որտեղ սեղան են դրել իշխանության ներկայացուցիչները եւ մարդկանց ուղղորդում են՝սպառնալով եւ ահաբեկելով»: Չնայած մամուլում պարբերաբար բարձրաձայնվող ընտրախախտումների փաստերին՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադեւոսյանը նման տեղեկություններ չունի. «Այս պահին շտաբում չեմ, բայց այնտեղ մենք ունենք պատասխանատուներ, ովքեր խախտումներ լինելու դեպքում կարձանագրեն դրանք: Միջոցներ ենք ձեռնարկում, որ նմանատիպ բաներ չլինեն»,-նշեց նա՝ հավելելով, որ ընտրողների քվեարկության ակտիվությունն իրեն բավարարում է՝ համեմատած նախորդ համապետական ընտրությունների  ընթացքում ընտրողների մասնակցության տվյալների հետ: ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը նույնպես տեղյակ չէ ընտրախախտումներից: Մեզ հետ զրույցի ընթացքում նա իր հայրենի գյուղից՝ Եղեգնուտից, վերադառնում էր Երեւան: Իր խոսքով՝ ոչ այնտեղ, ոչ էլ Երեւանում, որեւէ արտառոց բան չի նկատել.«Ամեն ինչ նորմալ է անցնում: Եթե նույնիսկ որոշակի խոսակցություններ կան, պետք է արձանագրել այդ ամենը, փաստերով խոսել, այլ ոչ թե փորձել սկանդալային հայտարարություններ անել»,-ասաց նա: Վահան Բաբայանը կարծում է, որ ընտրողների ակտիվությունը կմեծանա ժամը 15:00-ից հետո. «Որովհետեւ շատ մարդիկ օրվա երկրորդ կեսին են գնում ընտրատեղամասեր, եւ, իհարկե, ժամը 18:00-ից հետո կլինի որոշակի ակտիվություն, որովհետեւ մարդիկ կան, որ կիրակի օրով աշխատանքի են»: