Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ լավագույն ֆուտբոլիստ, Վարուժան Սուքիասյանը՝ մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարվա քվեարկությանը մասնակցել է 47 մարդ: Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդպիսով, Հ.Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանը հավաքել է 228 միավոր: Անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականի նորեկ, ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը, որը վաստակել է 46 միավոր: Մեր հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին 44 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր եւ 4 միլիոն դրամ պարգեւ: «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Նա ստացել է 132 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 123 միավոր, երրորդ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը՝ 72: Տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակ, պատվոգիր եւ 2 միլիոն դրամ պարգեւավճար: