Մարիա Գեւորգյանը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ
Երեւանում շարունակվող շախմատի Հայաստանի առաջնություններում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի երեք մասնակիցների միջեւ իսկական մրցավազք է ընթանում չեմպիոնության համար: Առաջնության միանձնյա առաջատար Զավեն Անդրիասյանը եւ նրան հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը կրկին հաղթանակներ տարան եւ լիովին ամրապնդվեցին առաջին երեք հորիզոնականերում: Այժմ նրանք ունեն համապատասխանաբար 5,5-5-4,5 միավոր: Իսկ ահա չորրորդ տեղում ընթացող Հովիկ Հայրապետյանն առաջատարից արդեն ետ է մնում երկու բալով: Հաջորդ, 7-րդ տուրում, տեղի կունենա առաջնության ամենակենտրոնական հանդիպումը. Զավեն Անդրիասյանը սեւերով կմրցի իր գլխավոր մրցակից Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Արման Պաշիկյանը սպիտակներով ուժերը կչափի միջազգային վարպետ Արման Միքայելյանի հետ: Հայաստանի կանանց առաջնությունում առաջատարը նույն Մարիա Գեւորգյանն է, որն այսօր վստահ առավելության հասավ վարպետության թեկնածու Սոնա Ասատրյանի նկատմամբ եւ տարավ վեցերորդ անընդմեջ հաղթանակը: Վաղը նա սպիտակներով կմրցի Սիրանուշ Ղուկասյանի հետ, որը 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Մրցաշարի մյուս ֆավորիտ, միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը չնայած 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ, սակայն Մարիա Գեւորգյանից նրան դեռեւս բաժանում է 1,5 միավոր: