Երաժշտության լեզուն թարգմանության կարիք չունի. Լյուբով Կազարնովսկայա (տեսանյութ)
«Մուսաները պետք է գոռան, երբ պայթում են թնդանոթները: Ամենամեծ դիվանագիտությունը մշակութային դիվանագիտությունն է, որը ցավոք այսօր ճիշտ չի օգտագործվում: Խորհուրդների երկիրն այս իմաստով ավելի ճկուն էր»: Սա ասել էր օրերս Երևան հյուրախաղերի ժամանած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանը: «Երաժշտության և ընդհանրապես արվեստի, բարու և սիրո լեզուները թարգմանության կարիք չունեն: Այն ինչ իմ կենսագրությանը տվեց ձեր հարուստ, հոգևոր մշակույթը, այն տարիները, որ ես անց եմ կացրել ձեր չքնաղ երկրում, անկարող եմ մոռանալ, և Հայաստանի ու Արցախի համար այս ծանր օրերին ես չէի կարող ձեր կողքին չլինել»,- ասաց անվանի օպերային երգչուհի, «Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Լյուբով Կազարնովսկայան: «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչության» խորագիրը կրող «Վերածնունդ» փառատոնի բացման գալա-համերգին, ինչպես և մյուս մասնակիցները, Լյուբով Կազարնովսկայան իր զգացմունքային ելույթը նվիրեց հայ զինվորների հիշատակին: «Ազդված եմ իմանալով, թե ինչ է ասել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին և կարևորը՝ ինչ ձևով է ասել: Ազդված եմ դրանից բարձրացած հակառուսական տրամադրությունների ալիքից, սակայն ենթադրում եմ, նրան «կհասկացնեն», որ նման պահվածքն անթույլատրելի է: Ռուսաստանը հասկանում է, որ իրավունք չունի կորցնել Հայաստանի նման բարեկամի և գործընկերոջ»: Մանրամասները՝ տեսանյութում