«Եթե սիրում ես...». Ինքնուրույն չքայլած երիտասարդն ընդդեմ կարծրատիպերի (տեսանյութ)
Հաջողությունների եւ դժվարությունների մասին խորհելու համար՝ 26-ամյա Հովհաննես Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ նստում է իրենց պատշգամբում։ Բայց մենակ երկար չի մնում։ Անմիջապես հայտնվում է երեքամյա Մհերը, որի համար հորեղբայրը ամենասիրելի ընկերն է։ Ինքնուրույն երբեք չքայլած 26-ամյա Հովհաննես Գրիգորյանին դժվարությունները չեն կոտրել։ 11 ամսականում պոլիոմելիտի հետևանքով զրկվել է քայլելու ունակությունից։
Հայաստանում ու արտերկրում բուժումն այդպես էլ արդյունք չի տվել։ Հովհաննեսը Քասախ գյուղում է ապրում՝ ծնողների եւ եղբոր ընտանիքի հետ։ Հարազատների ու ընկերների սերն իրեն աջակից են եղել տարբեր խնդիրներ հաղթահարելիս, ինքն էլ նրանց մշտապես ոգեւորել է իր կենսուրախությամբ եւ լավատեսությամբ։
Փոքրուց առանձնահատուկ հետաքրքրություն է ունեցել տեսանկարահանող սարքերի և համակարգչի նկատմամբ։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է վիդեոմոնտաժ. նախորդ տարի էլ «Օրդֆիլմ» ստուդիայում հեռուստատեսային հմտություններ դասընթացն է ավարտել։ Սակայն աշխատանք գտնել այդպես էլ չի կարողանում: Հիշում է դեպքերից մեկը, երբ գործատուի մոտ հաջողությամբ անցել է հարցազրույցը։ «Հարցազրույցի հաջորդ օրը մեզ ասացին, որ չորս հոգի անցել են գործի։ Ասաց, որ տեղաշարժման խնդիրը պրոբլեմ չի։ Հետո ինձ տեղեկացրին, որ իրենք չեն կարող օգնած լինել»,- պատմում է նա։ Աշխատանք գտնելու հիմնական խոչնդոտը դարձել է սայլակով տեղաշարժվելը։ «Պետությունը նախևառաջ իր վրա պետք է վերցնի վերելակների, թեքահարթակների հարցը։ Ստեղծեն աշխատատեղեր, որ մարդիկ կարողանան լիիրավ անդամ իրենց զգալ և կարողանան աշխատել»,- նշում է նա։ Հովհաննեսին զարմացնում են ձեւավորված կարծրատիպերը։ Սայլակով տեղաշարժվելը խոչնդոտ չէ՝ ընկերային եւ աշխատանքային հարաբերություններ հաստատելու եւ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։ Ըստ նրա՝ հատկապես գործատուները թյուր կարծիք ունեն հաշմանդամություն ունեցողների մասին։ «Մտածում են, որ հաշմանդամություն ունեցողը չի կարող մի բան անել, չի կարող աշխատել, չի կարող օգտակար լինել։ Բայց սխալ են մտածում։ Ես ինքնուրույն հասել եմ այն բանին, որ կարող եմ ինքնուրույն տիրապետել համակարգչին լիովին։ Ես հիմա պատրաստ եմ, իմ կրթությանը համապատասխանում է, որ ես աշխատեմ իմ մասնագիտությամբ»,- նշում է նա։ 2014 թվականի ընդունված «Զբաղվածության մասին» օրենքով ներդրվեց քվոտավորումը, որի համաձայն 100 եւ ավելի աշխատող ունեցող պետական հաստատություններում 3 տոկոսի, իսկ մասնավորներում՝ 1 տոկոսի չափով պետք է ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը։ Պետական հաստատություններում մասամբ պահանջը կատարվել է, իսկ մասնավորների համար 2016-ը հաշվարկային տարի է։ Նախատեսվում է առնվազն հաշմանդամություն ունեցող հարյուր հոգու տեղավորել աշխատանքի։ «Առնվազն այդքան, որովհետև կան կազմակերպություններ, որոնք այս պահի դրությամբ դեռևս չեն կատարել քվոտայի պահանջն աշխատողների 3 տոկոսի չափով»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը: Մինչև հաջորդ տարվա փետրվարը հաստատությունները պետք է կատարեն քվոտայի պահանջը, հակառակ դեպքում պատասխանատվության կենթարկվեն. «Կազմակերպությունը պետք է կատարի մասհանում, իսկ մասհանման չափը կազմում է 300.000 դրամ՝ մեկ աշխատատեղի հաշվով»,- շարունակում է նախարարության աշխատակիցը։ Սահմանված ժամկետում մասհանում չկատարելու դեպքում տուգանք է կիրառվելու՝ յուրաքանչյուր օրվա համար 0,15 տոկոսի չափով։ Պետական ծրագրով քվոտայի պահանջը կատարելու համար աջակցություն նախատեսված չէ։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 200.000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ կա։ 2015 թվականին զբաղվածության պետական ծրագրերով մոտ հաշմանդամություն ունեցող 2200 անձ է տեղավորել աշխատանքի։ 2000 անձ այժմ գրանցված է զբաղվածության գործակալությունում՝։ «Իհարկե, թվերը համեստ են, քան ունենք այսօր իրական այդ պրոբլեմը։ Բայց կարևորը, որ այդ ծրագրերը շատ կոնկրետ են և ունեն աճի միտում»,- ասում է պարոն Թադեւոսյանը։ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի կարծիքով՝ այդ դրական տեղաշարժը նաև ՀԿ-ների ակտիվ պայքարի, հորդորների հետևանք է. «Նույն քվոտաների հարցով բավականին մեծ հակազդեցություն կար որոշ պետական մարմինների կողմից, չգիտես ինչու։ Կարողացանք դա հաղթահարել»։ Իսկ Հովհաննես Գրիգորյանը հույս է փայփայում, որ պետությունն ի վերջո ամբողջությամբ կլուծի հաշմանդամություն ունեղոցների զբաղվածության հարցը։ Մշտական աշխատանքը գտնելը կօգնի նաեւ ավելի արագ կարգավորել անձնական կյանքը։ Սիրած աղջիկը իրեն ոգեւորում է։ «Կարծրատիպ կա, թե ինչու պետք է այդ աղջիկն ուզի։ Սխալ է դա, որովհետև եթե սիրում ես, քո համար կապ չունի ոչ մի բան։ Ես ինձ համարում եմ լիիրավ անդամ, որը կարող է ոչ պակաս բոլորից ունենալ ընտանիք, երեխաներ և երջանիկ կյանք։ Եվ այդ ամենի համար, միանշանակ, անհրաժեշտ է աշխատանք»,- ասում է Հովհաննես Գրիգորյանը։ Ու նաեւ կուզենար,որ ստանար ավտոմեքենա վարելու թույլտվություն։ Ինքը վարել գիտի, բայց վարորդական իրավունք չունենալու պատճառով տան շրջակայքից հեռու չի գնում. «Մի բանի վրա եմ զարմանում. եթե տեսողության լուրջ խնդիր ունեցող մարդուն տալիս են վկայական, բայց հաշմանդամություն ունեցողին, որն ունի ոտքերի խնդիր, բայց ձեռքերով կարողանում է վարել, չեն տալիս»։ Հովհաննեսը չի վհատվում դժվարություններից՝ նույնն էլ խորհուրդ տալով բոլորին։ «Նայում եմ առաջ և ցանկանում եմ բոլոր հաշմանդամություն ունեցող մարդիկ չհիասթափվեն երբեք։ Կյանքը չի ավարտվում դրանով, պետք է ուժեղ լինես և կարողանաս ամեն ինչ հաղթահարել»,- եզրափակում է նա։
