Մահճակալն ու սեղանը ձմռանը վառել են, որ չսառեն (տեսանյութ)
Երեւանից Աշտարակ տանող ճանապարհին՝ ամայի տարածքում գտնվող կիսաքանդ, խարխուլ ու խոնավ այս տնակում է ապրում Հայրապետյանների չորս հոգանոց ընտանիքը: Ննջասենյակը, հյուրասենյակը, խոհանոցն ու սանհանգույցը նույն այս սենյակն է: Մահճակալ ու սեղան էլ արդեն մի քանի ամիս է չունեն՝ վառել են: «Մահճակալը վառեցի, ձմեռը ցուրտ էր՝ երեխաները մրսում էին: Սեղանն էլ եմ վառել՝ վառելափայտի կարիք կար»,- ասում է ընտանիքի մայրը՝ Նաիրա Հայրապետյանը։ Այժմ մահճակալ է ծառայում պենոպլաստե հարմարանքը։ Ընտանիքը գոյատեւում է 28,000 դրամ նպաստով: Ամուսինները երբեմն աշխատում են՝ օրավարձով: Դա հազիվ բավարարում է սնունդին:
«Երեխաները մեծանում են, հագնել են ուզում, ուտել են ուզում, չենք հասցնում: Կաթնամթերք են շատ սիրում, բայց չեմ կարողանում հասցնել»: Նաիրան փորձել է մշտական աշխատանք գտնել՝ ապարդյուն. «Աշխատանքի չեն ընդունում, 40 բարձր ասում են պետք չի»: Բակում 14-ամյա Հենրիկի եւ 10-ամյա Հայկի միակ ընկերը գնդակն է, իսկ երբ հոգնում են խաղալուց, օգնում են ծնողներին։
«Ամաններն ենք լվանում, տներն ենք հավաքում, ճաշ ենք եփում»,- ասում են տղաները: Հենրիկը երազում է խոհարար դառնալ, Հայկը՝ ոստիկան, բայց երկուսով՝ մեկ ընդհանուր երազանք ունեն. «Կուզեի ավելի մեծ տուն ունենային, այնպիսի տեղ լիներ, որ երեխաներ լինեին, իրենց հետ խաղայինք»: Տղաները ամեն օր 3 կմ քայլում են, որպեսզի հասնեն ամենամոտ հանրակրթական դպրոցը։ Դասերից հետո այցելում են Աջափնյակի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն, որտեղ մնում են մինչեւ օրվա ավարտը։ Կենտրոնը նախատեսված է անապահով երեխաների ցերեկային խնամքի համար։ Տղաները դժվարությամբ են տուն վերադառնում, քանի որ այստեղ գտել են իրենց ընկերներին։