«Սասնա ծռեր»-ի անդամը խոստացել է կալանավայրից աջակցել իր հարեւաններին (տեսանյութ)
«Սասնա ծռերի» դեպքերից հետո կալանավորված Վարդան Գերավետյանի բնակարանի դուռը կոտրված չի մնացել։ Ոստիկանները խուզարկության ժամանակ կոտրել էին դուռը, բայց հարեւանները սեփական միջոցներով նորոգել են այն։ «Ամբողջը կոտրել էին, երկաթի ձողը հանել էին, կողպեքը կոտրել էին, երկաթե ձողը նորից ամրացրեցինք»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Գերավետյանի հարեւաններից Վարդան Գաբրիելյանը: Մոտ 3 ամիս կալանավորված՝ «Մեր քաղաքը» նախաձեռնության ղեկավար Վարդան Գերավետյանին հարեւանները չեն մոռանում, պարբերաբար տեղեկություններ են ստանում եւ սնունդ փոխանցում: Հարեւաններն առանց զգացողությունների չեն կարողանում անցնել նրա դռան մոտով. «Այս տունը միշտ բաց է եղել, երբեք փակ չի եղել եւ առավոտյան, եւ երեկոյան, եւ գիշերը նույնիսկ, ով ինչքան ուզել է, մտել է, հարցեր են քննարկվել եւ լուծվել»,- ասում է հարեւանը: Վարդան Գերավետյանը ապրում էր հանրային գերակա շահ ճանաչված Տերյան 23 շենքում: Կառավարության որոշմամբ՝ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի տարածքը օտարվել է գործարար Սամվել Մայրապետյանին: Դատարաններն էլ բնակիչներին տներից օտարելու որոշումներ են կայացրել, որոնցից շատերը մտել են օրինական ուժի մեջ: Վարդան Գերավետյանի 10 տարվա պայքարի արդյունքում շենքերը դեռ կանգուն են: Հարեւանները պատրաստ են շարունակել «Մեր քաղաքը» նախաձեռնության ղեկավարի գործը եւ թույլ չտալ, որ հին շենքերը քանդվեն: «Մենք դուրս չենք գալու մեր տներից, որովհետեւ այս շենքը ամուր շենք է, սեյսմակայուն, կարող են սալիկապատել, ուզում է Մայրապետյանը թող երկու հարկ բարձրացնի, ինչ ուզում են անեն: Անժամկետ պատանդներ ենք, մենք ապրում ենք հրաբխի վրա: Դուք պատկերացնում եք արդեն տասը տարի է, այլեւս ներվեր չի հերիքում, միթե կարելի է մարդու հետ այսպես վարվել»,- ավելացնում է Մելինե Նավասարդյանը: Ի դեպ, Վարդան Գերավետյանը խոստացել է կալանավայրից եւս աջակցել իր հարեւաններին: